Հայաստանը կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ ավարտելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե պետք է հասկանալ՝ կարո՞ղ է անցումային փուլում գտնվող Հայաստանը շարունակել կրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու, ԵԱՏՄ-ում նախագահության ծանրաբեռնվածությունը:
«Հայաստանը՝ որպես երկիր, որը իր ներդրումն է ունենում կառույցի ամրապնդման գործում, լիարժեքորեն կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ ավարտելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը: Բայց դրանից առաջ պետք է որոշել, թե նորմատիվ իրավական առումով ինչպես են կարգավորվում այն հարցերը, որոնք կապված են գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ»,- ասաց Նաղդալյանը:
Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, թե ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը՝ Աննա Նաղդալյանը հստակեցրեց, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ նոյեմբերի 8-ին կայացած քննարկումների ընթացքում որոշում կայացվեց քննարկումները տեղափոխել դեկտեմբերի 6-ին այն պատճառով, որ որևէ կոնսենսուս ձեռք չի բերվել այդ հարցի շուրջ: «Մենք, բնականաբար, ունենք տեսակետներ հարցի լուծման առնչությամբ, որոնք պարտադիր չէ, որ համընկնեն մյուս երկրների տեսակետների հետ»,- շեշտեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում