Ես դա գնահատում եմ որպես փաստ և չեմ կարծում, որ որևէ բան կարող է վնասել Հայաստանի և Արցախի հարաբերությունները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի գործով երեկ դատարան ներկայացած Արցախի ներկա և նախորդ նախագահներին։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը Արցախում հակահեղափոխության օջախների վերաբերյալ, Ռուբինյանը նշեց․ «Վարչապետն ասել է հետևյալը, որ եթե ինչ-որ ուժեր փորձեն Արցախը վերածել հակահեղափոխության կենտրոնի, ապա Արցախի ժողովուրդն այն կվերածի հեղափոխության կենտրոնի, և այդ պնդման հետ ես համաձայն եմ»։
Հարցին՝ ի՞նչ ուժեր նկատի ունի վարչապետը, արդյոք դաշնակցության կազմակերպած ֆորումը առնչություն ո՞ւնի այդ ամենի հետ․«Գաղտնիք չէ, որ մամուլում պարբերաբար գրում են ինչ-որ լարվածության մասին, դրա վկայությունն է նաև ձեր տված հարցն ինձ։ Ըստ էության, վարչապետը, հաշվի առնելով այդ խոսակցությունները, անդրադարձել է այդ թվացյալ վտանգին և ասել, որ այդպիսի վտանգ չկա և չի կարող լինել այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը երբեք թույլ չի տա, որ ինչ-որ լարում ստեղծվի»։
Խոսելով Արցախի աշտոնյաների կողմից հնչող հայտարարությունների մասին՝ Ռուբինյանը նշեց, որ դրանք պետք չէ անտեսել․ «Եթե հնչում են անտրամաբանական հայտարարություններ ինչ-որ պաշտոնյաների կողմից, ես ցավում եմ այդ պաշտոնյաների համար, բայց միևնույն ժամանակ ուզում եմ կրկնել, որ որևիցե պաշտոնյայի հայտարարություն, կարևոր չէ, թե ինչ ռանգի պաշտոնյայի մասին ենք խոսում, կամ ինչ հայտարարության մասին ենք խոսում, պարզապես չի կարող որևիցե կերպ լարում մտցնել Հայաստանի և Արցախի միջև, և Հայաստանն ու Արցախը պատրաստ են ցանկացած պահի լիկվիդացնել նման վտանգները»։