տուն Լուրեր Հայաստանից տանում եմ մարդկանց ջերմ ժպիտները. Անրի Ռենոյի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է

Հայաստանից տանում եմ մարդկանց ջերմ ժպիտները. Անրի Ռենոյի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է

106
0

31604

Օրերս կլրանա Հայստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի պաշտոնավարման ժամկետը: Այդ առթիվ Ռենոն այսօր հանդիպել է հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին` խոսելու պաշտոնավարման չորս տարիների ընթացքում կատարած ու չկատարած խնդիրների մասին:

«Չորս տարին և երկար ժամկետ է, և միաժամանակ նաև` կարճ: Ես կարծում եմ, որ այս չորս տարիների ընթացքում հայ-ֆրանսիական գործընկերությունը խորացել է, ինչպես նաև` խորացել է համագործակցությունը տարբեր ոլորտներում: Իմ  քառամյա գործունեության ընթացքում բախտ է վիճակվել երկու անգամ ներկա գտնվել Ֆրանսիայի երկու նախագահների այցերի ընթացքում: Հայաստանից ես հեռանում եմ ոչ պակաս կարևոր իրադարձությունից առաջ. օրերս Ֆրանսիայում տեղի ունենալիք գագաթաժողովին կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահները, ինչում իմ գործուն մասնակցությունը ևս ունեցել եմ»,- նշել է դեսպանը:

Նա, վերհիշելով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության առավել նշանակալի կողմերը, մատնանշեց ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի մուտքը Հայաստան, ինչն, ըստ դեսպանի, օգտակար կլինի և Հայաստանի և հայ սպառողների համար:

«Գիտական, բուհական ոլորտում առաջին հերթին կարող եմ հիշել Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, որտեղ վերջերս բացվեց մի նոր ֆակուլտետ` «Բանկային և ֆինանսական գործունեություն»: Այս ոլորտում նշանակալի եմ համարում նաև թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված դասընթացներ մտցնելը»,- ասում է նա:

Չկատարած գործերի մասին դեսպանը դեռևս չի հասցրել մտածել.

«Այնքան եմ մտածել այն ամենի մասին, ինչ արել եմ, անգամ չեմ մտածել այն  ամենի մասին, ինչ չեմ արել»,- եզրափակեց նա:

Հարցին, թե ինչ է Անրի Ռենոն տանում Հայաստանից՝ դեսպանը պատասխանեց.

«Հայաստանում պաշտոնավարման սկզբից ես որոշել եմ Հայաստանից տանել մարդկանց ժպիտներն ու մեկ խաչքար, մինչև հիմա իմ այդ մտադրությունը չի փոխվել: Այստեղ մարդիկ, անգամ սոցիալական ծանր պայմաններում ապրողները, բավական ջերմ են ժպտում, ինչը ես չեմ տեսել ոչ մի ուրիշ տեղ»:

Ի դեպ, Անրի Ռենոյի ընրած խաչքարն արդեն Ֆրանսիայում է: