Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի, 2014 թ.-ին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով արտասահմանից Հայաստան են փոխանցել 2,12 մլրդ. դոլար, որից 1,72 մլրդ դոլարը (մոտ 81,1%ը) ոչ առևտրային նպատակով փոխանցումներն են, իսկ առևտրային նպատակով փոխանցումները կազմել են՝ մոտ 400 մլն. դոլար (18,9%): Միևնույն ժամանակ, Հայաստանից ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով դեպի այլ երկրներ փոխանցել են 902,8 մլն դոլար, որից ոչ առևտրային նպատակներով՝ 339,5 մլն դոլար (կամ 37,7%-ը), իսկ առևտրային նպատակներով 563,3 մլն դոլար (կամ 62,3%-ը): Այսինքն, դեպի Հայաստան դրամական փոխանցումների (տրանսֆերտներ) ներհոսքում, եթե գերիշխում են ոչ առևտրային փոխանցումները, ապա Հայաստանի դեպի դուրս փոխանցումների կառուցվածքում գերիշխում են առևտրային նպատակներով փոխանցումները (այսպես կոչված «ճամպրուկային առևտրի» մասին է խոսքը): Այդ պատճառով, եթե ֆիզիկական անձանց փոխանցումներում զուտ ներհոսքը կազմել է մոտ 1,22 մլրդ. դոլար, ապա ոչ առևտրային մասով փոխանցումներում զուտ ներհոսքը ավելի բարձր է՝ մոտ 1,38 մլրդ. դոլար, որը ինչպես նշեցինք, բացատրվում է Հայաստանից դուրս հոսող ոչ առևտրային փոխանցումների համեմատաբար փոքր մասնաբաժնով: Նախորդ տարի Հայաստան փոխանցած դրամական փոխանցումների անկում է գրանցվել՝ 178,7 մլն. դոլարով կամ 7,7%-ով (2013 թ.-ին 2,3 մլրդ դոլլար, իսկ 2014 թ.-ին 2,12 մլրդ դոլար): Դրանից 173 մլն. դոլարը կազմում է Ռուսաստանից փոխանցումների կրճատումը: 5,6 մլն դոլարով պակասել է նաև մյուս երկրներից (բացի Ռուսաստանից) փոխանցումները դեպի Հայաստան: Հետաքրքիր է, որ դրան հակառակ, 31,2 մլն. դոլարով աճել է ոչ առևտրային նպատակներով արտերկրից դրամական փոխանցումները Հայաստան: Միաժամանակ ավելացել է Հայաստանից դեպի արտերկիր դրամական փոխանցումների ծավալը՝ 50,6 մլն. դոլարով կամ 5,6%-ով: Արդյունքում ֆիզիկական անձանց փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 1,3 մլրդ. դոլար, 2013 թ.-ի 1,49 մլրդ դոլարի համեմատ: Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական դոնորը, որին բաժին է ընկել մեր երկիր փոխանցումների մոտ 73,2%ը: Միաժամանակ, Հայաստանից դուրս փոխանցումներում ամենամեծ տեսակարար կշիռն ունի կրկին Ռուսաստանը, որը կազմել է 252,7 մլն. դոլար կամ 28%-ը: Դեպի ԱՄՆ փոխանցումները Հայաստանից կազմել են 150,5 մլն դոլար կամ 16,6%: Եթե դեպի Ռուսաստան դրամական փոխանցումներում գերակշռել են ոչ առևտրային փոխանցումները՝ 203,2 մլն դոլար, ապա դեպի ԱՄՆ փոխանցումներում գերիշխել են առևտրային նպատակով փոխանցումները՝ 120 մլն. դոլար: Մի շարք երկրների հետ ունենք բացասական հաշվեկշիռ, ինչպես օրինակ Գերմանիան, Իսպանիան, Չինաստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, դեպի այդ երկրներ փոխանցումները ավելի մեծ են, քան այնտեղից ներհոսքը: Դեպի այս երկրներ Հայաստանից գերակշռում են հատկապես առևտրային նպատակով փոխանցումները: Նախորդ տարի ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից փոխանցվող գումարների կրճատմանը զուգահեռ, մի քանի երկրներից նույնպես դեպի Հայաստան մտնող տրանսֆերտների նվազման միտում է գրանցվել, ինչպես օրինակ՝ Ուկրաինայից, Իսպանիայից, ԱՄԷ-ից, թեև այստեղ խոսքը մեծ գումարների մասին չէ: Նվազել է նաև «այլ երկրներ» խմբից դրամական փոխանցումները՝ 2013 թ.-ի 280,4 մլն. դոլարից նվազելով 2014 թ.-ին 265,6 մլն դոլար: Միաժամանակ աճել է Հայաստանից փոխանցումները դեպի «այլ երկրների» խումբ՝ 37 մլն. դոլարով, կրկին առևտրային նպատակներով փոխանցումների աճի հաշվին: Իսկ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Ղազախստանից դրամական փոխանցումները դեպի Հայաստան աճել են: Ոչ առևտրային փոխանցումների դինամիկան տարվա առաջին կեսին աճել է հունվարից մինչև հունիս-հուլիս ամիսներ, ապա տարվա երկրորդ կեսին սկսել է նվազել, սակայն դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մի փոքր աճ է գրանցել: Իսկ արտերկիր ոչ առևտրային փոխանցումները Հայաստանից համեմատաբար մեծ աճ են գրանցել տարվա վերջին՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ դեկտեմբերին կտրուկ նվազել են: Վերջում ավելացնենք, որ Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը 2014թ. կազմել է մոտ 2,4 տրիլիոն դրամ, որտեղ արտերկրից բանկային համակարգով ֆիզիկական անձնանց կողմից դրամական փոխանցումների հարաբերությունը մանրածախ առևտրի շրջանառությանը կազմել է մոտ 40%: Միաժամանակ արտերկրից բանկային համակարգով ֆիզիկական անձնանց կողմից դրամական փոխանցումների հարաբերությունը ՀՆԱ-ին կազմել է մոտ 20%: Ընթացիկ տարում նույնպես կանխատեսվում է արտերկրից դրամական փոխանցումների ծավալների կրճատում:
տուն Քաղաքական Վերլուծական Հայաստանից դեպի արտերկիր դրամական փոխանցումների ծավալը աճել է՝ 50,6 մլն. դոլարով