Araratnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի և իր դաշնակիցների Agile Spirit 2017 բազմազգ զորավարժությունները, որոնց Հայաստանը չի մասնակցում:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը այսօրվա մամուլի ասուլիսում Հայաստանի չմասնակցելը բացասական համարեց, քանի որ դա, նրա խոսքով, վկայում է պետության անկազմակերպվածության մասին: «ՆԱՏՕ-ի նախորդ զորավարժություններին մասնակցեց Հայաստանը, որը ռուսական կողմի դժգոհությունն առաջացրեց»,- ասաց նա: Բանախոսը չբացառեց, թե միգուցե Հայաստանի վրա Ռուսաստանի կողմից ճնշումներ են եղել:
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին: «Հիմա տեսնենք` Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները կվատանա՞ն, թե՞ ոչ»,- ասաց քաղաքագետը:
Ասուլիսի մյուս բանախոս, ԱԺ նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Թեւան Պողոսյանը համակարծիք է Արա Պապյանի հետ: «Մենք այդ շանսը բաց թողեցինք, որի համար ես ցավում եմ»,- ասաց Թևան Պողոսյանը:
Պատմական գիտությունների թեկնածու, The National Interest, Forbes, The Hill և American Thinker պարբերականների մշտական հեղինակ ու փորձագետ Արեգ Գալստյանն էլ ասաց, որ Ռուսաստանը պետք է եւ կարող է կոշտ խոսել իր դաշնակիցների հետ: Նրա խոսքով` Հայաստանը մասնակցելու էր մի դաշինքի զորավարժության, որին Ռուսաստանը սպառնալիք է համարում:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ