ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առաջիկա շաբաթների ընթացքում կարող են կրկին հանդիպել: Այս մասին ամերիկացի պաշտոնյան նշել է՝ պատասխանելով APA գործակալության հարցմանը:
«Տարվա ընթացքում մենք մեկ անգամ չէ, որ վկան ենք այն բանին, որ ճակատային գծի երկայնքով ցանկացած բռնություն բերում է իրավիճակի անկայունացմանը՝ դառնալով կողմերի միջև լարվածության աճի պատճառ:
Մենք պարբերական այցեր ենք կատարում տարածաշրջան, որպեսզի լսեք կողմերի կարծիքները: Հերթական այցի ժամկետները դեռ հստակեցված չեն, սակայն մենք հույս ունենք, որ արտգործնախարարների հետ մեր հանդիպումից հետո նրանք նաև երկկողմ զրույց կունենան՝ քննարկելու առաջ շարժվելու ճանապարհները:
Մենք նաև հույս ունենք, որ նախագահները կկատարեն 2014թ.-ի հոկտեմբերին Փարիզում ստանձնած պարտավորություններն ու կշարունակեն երկխոսությունը: Հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցային ճանապարհով՝ կողմերի մոտ համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ կամքի առկայության դեպքում», — նշել է դիվանագետը: