Մարտի մեկի մասին շատ դժվար ու ծանր է գրելը, առավել դժվար է ոչինչ չգրելը, քանզի յուրաքանչյուր մարտիմեկյան կադր փորփրում է չսպիացող այդ վերքը։ Մարտի մեկը մեր պետականության արնահոսող վերքն է։ Սակայն, անգամ այսքանի գիտակցումը դեռևս չկա մարտիմեկյան սպանդի ուղղակի պատասխանատու ներկայիս վարչակարգի ու նրա մանկլավիկների մոտ։
Ութ տարի շարունակ յուրաքանչյուր մարտի մեկի մշտապես արթնանում էր վարչակարգի վրա տեղավորված ու նրանից սնուցվող մակաբույծների մի բանակ, որը սնամեջ մեկնաբանություններով ու վերլուծություններով հեղեղում են մամուլն ու սոցցանցերը։ Կեղծ օբյեկտիվության դրսևորմամբ սահուն կերպով Մարտի մեկը ներկայացնելով որպես բախում մի խումբ մարդկանց, իսկ ավելի ճիշտ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների և ոստիկանների միջև, իսկ 10 սպանվածներին՝ որպես այդ բախման հետևանքներ։
Հենց այստեղ էլ հյուսվում է ամենամեծ ու լկտի սուտը Մարտի մեկի մասին։ Եվ մարտի մեկին, և դրանից առաջ ու հետո Ազատության հրապարակում կանգնած է եղել Հայաստանի քաղաքացին։ Անկախ նրանից, թե ում կողմնակիցն է քաղաքացին, մարդը բարձրագույն արժեք է։ Բայց տարատեսակ հանրապետական «քոմենթչիների» համար ամեն ինչ սկսվում է Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից, կարծես Տեր-Պետրոսյանը կամ նրա կողմնակիցները ինչ-որ այլմոլորակայիններ են չափազանց վտանգավոր։ Ի դեպ, վտանգավորության հարցում նրանք չեն սխալվում, Մարտի մեկը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած հրեշավոր կլանի միակ ճիգն էր մնացել՝ իշխանությունը ձեռքում պահելու համար։ Այդ հրեշ մեխանիզմը վախեցած էր Ազատության հրապարակում կանգնած ՀՀ քաղաքացուց, վախեցած սպանելու աստիճան, ինչը և արեց։
Օրեր անց տարբեր նունեեսայաններ կհայտարարեն, թե թող չգնային հանրահավաքի, չէին սպանվի։ Նունեեսայանը արդեն դառնում էր հավաքական կերպար ու տեսակի նկարագիր, այդպիսիք շատ էին և ներկայումս էլ շարունակում են բազմանալ խավարասերների պես։
Սակայն իրականությունը մշտապես հայտնի է, իրականությունը հնարավոր չէ հավերժորեն թաքցնել։ Այդ իրականությունը հետևյալն էր․ Քոչարյան Ռոբերտի ուղղակի կամ անուղղակի հրահանգով երկրում կազմակերպվեց ռազմական հեղաշրջում, կատարվեց տասը քաղաքացու ուղղակի սպանություն, որն այդ հեղաշրջման զոհաբերությունն էր։ Քոչարյանն Ռոբերտն ու մնացածներից ոչ ոք մինչ օրս չի պատժվել։ Մարտի մեկի համար մեղավոր է միայն Քոչարյան Ռոբերտը, Սարգսյան Սերժը, Աբրահամյան Հովիկը, Ծառուկյան Գագիկը, Հարությունյան Հայկը, Սեդրակյան Մհերը, Խաչատրյան Սուրիկը և այլն։ Այս ցանկը կարելի շարունակել բավական երկար, նրանցից յուրքանչյուրը հստակ գործառույթներ է ունեցել՝ ոմանք լրտավական կողմն են ապահովել, ոմանք հրոսակներ են հավաքագրել, որոնք գումար են տրամադրել և այլն։
Այս ամենը համակարգվել է Քոչարյանի կողմից։ Արդյոք այստեղ որևէ գաղտնիք կա, կարծում ենք՝ ոչ։ Եվ սա նշանակում է, որ չկա Մարտի մեկի բացահայտման կարիք, բոլորի համար ամեն ինչ պարզ է, կա Մարտի մեկի կազմակերպիչներին ու պատասխանատուներին ընդամենը պատժելու կարիք, ինչը կարող է տեղի ունենալ միմիայն առկա վարչակարգի հեռանալուց հետո։
Հ․Գ․Բոլոր պարանոյայով տառապողներին՝ Մարտի մեկի ոճրագործության մեջ հրապարակ դուրս եկած տասնյակ քաղաքացիներից և ոչ մեկը՝ սկսած զոհված Գոռ Քլոյանից վերջացրած Լևոն Տեր-Պետրոսյանով, մեղավոր չէ և չի կարող լինել։ Սա պետք է անընդհատ հիշեցնել միաժամանակ հիշեցնելով, որ սպանդի միակ մեղավորները վերոնշյալ անձինք են՝ իրենց սպասարկուների հետ մեկտեղ։
Ա․ Մարգարյան