տուն Լուրեր Հայաստանի հավաքականը գոլառատ խաղում հաղթեց Կիպրոսին

Հայաստանի հավաքականը գոլառատ խաղում հաղթեց Կիպրոսին

91
0

haroyan

Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ նոյեմբերի 13-ին, տարվա վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով Կիպրոսի ազգային ընտրանուն:

Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում մեր ընտրանին 3:2 հաշվով հաղթանակ է տարել:

Մեր ընտրանու կազմում հանդիպման հաշիվն արդեն 17-րդ րոպեին բացել է Հայկ Իշխանյանը՝ տուգանայինի խաղարկումից հետո մոտ տարածությունից խառն իրավիճակում գրավելով մրցակցի դարպասը: Նշենք՝ սա «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստի առաջին գոլն էր Հայաստանի հավաքականի կազմում, իսկ նորամուտը, հիշեցնենք, Իշխանյանը նշել էր օրեր առաջ Բելառուսի հետ կայացած ընկերական խաղում:

Րոպեներ անց ևս մեկ հիանալի պահ ունեցել մեր ֆուտբոլիստները. միջին տարածությունից Էդգար Մալաքյանի կատարած հարվածից հետո մրցակցի դարպասապահն անվստահ է հեռացրել գնդակը, վրա հասած Կորյանը դարպասային հրապարակի մատույցներից կրունկի ֆանտաստիկ հարվածով գնդակն ուղարկել է կիպրոսցիների դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ է արձանագրել:

Մեր ընտրանու կազմում հաշիվը կրկնապատկել է Վարազդատ Հարոյանը, ով ամբողջ հանդիպման ընթացքում բավականին լավ տպավորություն թողեց: Խաղի 38-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ռումյան Հովսեփյանը ձախ եզրից գլխի հարվածով գնդակը փոխանցել է կենտրոն, որտեղ Հարոյանը դարձյալ գլխով գրավել է կիպրոսցիների դարպասը՝ 2:0:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստներից Կոնստանտինոս Լայֆիսը կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը՝ անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գրավելով Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:

Խաղի 63-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի նկատմամբ կանոնների խախտումից հետո 11-մետրանոց է նշանակվել Կիպրոսի հավաքականի դարպասին,որն էլ  անվրեպ է իրացրել թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ հաշիվը դարձնելով 3:1: Խաղավարտից երկու րոպե առաջ Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստները կարողացել են ևս մեկ գնդակ ուղարկել Հայաստանի հավաքականի դարպասը. տուգանայինի խաղարկումից հետո Արսեն Բեգլարյանը անվստահ գործեց, ինչի արդյունքում կիպրոսցի ֆուտբոլիստը մոտ 10 մետրից կատարած հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղն այդպես էլ ավարտվեց:

Հատկանշական է, որ հանդիպման ավարտից 20 րոպե առաջ ՖԱՖ-ի անդամները խախտեցին Բելառուսի հետ խաղից հայտարարած լռությունն ու սկսեցին աջակցել մեր ընտրանուն:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը հաղթանակ էր տոնել նաև օրեր առաջ Բելառուսի հետ անցկացրած ընկերական խաղում՝ 4:1 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ: