Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարությունում Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքը:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ֆրանսիական պատվիրակությունը` Ֆրանսիայի ԱԳ նախարարության Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեն:
Քննարկվել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին` վկայակոչելով առկա ձեռքբերումները և դեռևս չօգտագործված ներուժը:
Կողմերը քննարկել են Ֆրանկոֆոնիայի և միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում՝ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի վերաբերյալ: