տուն Լուրեր Հայաստանի բասկետբոլի աղջիկների հավաքական թիմը մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բասկետբոլի աղջիկների հավաքական թիմը մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը

315
0

85 (1)

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հանդիպել է Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքական թիմի հետ, որոնք Անդորրայում հուլիսի 20-ից 25-ը մասնակցելու են Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցումներին:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը և մյուս մարզիչները:
Նախարար Ղազարյանը հաջողություն է մաղթել աղջիկներն ու իր գոհունակությունը հայտնել մեր երկրում բասկետբոլի մասսայականացման և այդ մարզաձևի նկատմամբ հետաքրքրության ավելացման կապակցությամբ: «Անդորրայում կայանալիք առաջնությունը ձեր լուրջ միջազգային մրցաշարի մասնակցության առաջին փորձությունն է, որը, վստահ եմ, դուք հաջողությամբ եք հաղթահարելու: Հիշեք, որ դուք ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետությունը և ձեր յուրաքանչյուր հաղթանակ հայկական սպորտի ու մեր երկրի հերթական մարզական ձեռքբերումն է»,- ասել է նախարարը:
Թիմի անդամներին հաջողություն է մաղթել նաև ֆեդերացիայի նախագահ Հ. Ռոստոմյանը և նշել, որ ֆեդերացիայի կողմից մեծածավալ աշխատանքներ են տարվում մարզաձևի զարգացման ուղղությամբ, որոնց արդյունքը կարելի է համարել այս օրերին Եվրոպայի երիտասարդական առաջնության B դիվիզիոնի մրցաշարին մասնակցող մինչև 20 տարեկան տղաների Հայաստանի հավաքականի հաջող մրցելույթները:
«Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել նախարար Ղազարյանին այսօրվա ջերմ ընդունելության համար և հուսալ, որ մեր աղջիկները նույնպես ուրախացնելու են մարզաձևի հայ երկրպագուներին»,- իր խոսքում նշել է Հ. Ռոստոմյանը: Նա նաև ասել է, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան սերտորեն համագործակցում է նախարարության հետ և վերջին տարիների հաջողություններն էլ այդ համագործակցության արդյունքն են: «Այսօրվա աղջիկները մեր բասկետբոլի մեծահասակների հավաքականի ապագա անդամներն են, և նրանք մեզ ուրախանալու դեռ շատ առիթներ կտան»,- նախարարին և ներկաներին հավաստիացրել է ֆեդերացիայի նախագահը: