տուն Լուրեր Հայաստանի առևտրային հարաբերությունները ԵՏՄ-ին ինտեգրման շեմին

Հայաստանի առևտրային հարաբերությունները ԵՏՄ-ին ինտեգրման շեմին

136
0

7245_original
Ինտեգրման գործընթացների արդյունքում նոր տնտեսական տարում Հայաստանը կլինի Եվրասիական տնտեսական միության կազմում, ինչը ենթադրում է գործունեության բոլորովին այլ պայմաններ։ Որքանո՞վ Հայաստանի տնտեսությունը կկարողանա արդյունավետ գործել այդ միջավայրում` ցույց կտա ժամանակը։

Մինչ այդ, տնտեսական գործընթացներն այս տարի այնքան էլ բարենպաստ չդասավորվեցին ԵՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների հետեւանքով առեւտրատնտեսական հարաբերություններն առանձնացան ոչ այնքան բարձր արդյունավետությամբ՝ ուղղակիորեն ազդելով տնտեսության ընդհանուր զարգացումների վրա։

Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանի գլխավոր գործընկերը, բնականաբար, լինելու է Ռուսաստանը։ Բայց Ղազախստանը եւ Բելառուսը եւս ունենալու են իրենց դերը։

Թեեւ Ղազախստանի հետ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունները գտնվում են բավական թույլ մակարդակի վրա, այդուհանդերձ, վերջին տարիների միտումները վկայում են, որ այստեղ որոշակի ներուժ առկա է։

Առավել եւս, արտահանման ոլորտում։ Ղազախստանն այն եզակի երկրներից է, որի հետ Հայաստանն ունի դրական ապրանքային փոխանակում. 5,9 մլն դոլարից ավելի քան 5,4 միլիոնը եղել է հայկական ապրանքների արտահանումը։ Ղազախական ապրանքները չափազանց թույլ են ներկայացված հայկական շուկայում։

Ղազախականի համեմատ շատ ավելի ընդգրկուն են հայ-բելառուսական առեւտրային հարաբերությունները։ Չնայած դրանք եւս այս տարվա ընթացքում նվազել են։ Ընդ որում, անկումը գերազանցապես բելառուսական ապրանքների ներմուծման հաշվին է։ Տարեսկզբի տաս ամիսների ընթացքում դրանք կրճատվել են 23 տոկոսով՝ 32,4 մլն դոլարից հասնելով 25,5 միլիոնի։

Թեեւ հայկական ապրանքների արտահանումը Բելառուսի շուկայում մեծ չէ, այնուհանդերձ, այդ առումով դրական միտում է արձանագրվել։ Տարեսկզբի 10 ամիսներին աճը եղել է շուրջ 20 տոկոսի սահմաններում։ Գումարային արտահայտությամբ Հայաստանն այս տարի բելառուսական շուկա է հանել գրեթե 7 մլն դոլարի ապրանք։

Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերոջը՝ ի դեմս Ռուսաստանի, բաժին է ընկնում երկրի ապրանքաշրջանառության ավելի քան 23 տոկոսը։ Այն հասնում է տարեկան 1,5 մլրդ դոլարի։

ԵՏՄ կազմում անշուշտ առաջին հերթին ռուսական շուկան է դիտարկվում որպես լայն սպառման հնարավորություն հայկական ապրանքների համար։ Բայց անցնող տարին այդ առումով այնքան էլ նպաստավոր չեղավ։ Արդյունքում նոր տնտեսական տարածքին Հայաստանը մոտենում է ռուսական շուկայում արտահանման ծավալների անկմամբ։

Դրա վրա էական ազդեցություն թողեց հատկապես վերջին ամիսներին արձանագրված ռուսական արժույթի խիստ անկայունությունը, ինչը դժվարություններ ստեղծեց արտահանողների համար։ Բայց դա չի նշանակում, որ այս շուկան դադարել է հետաքրքրություն ներկայացնել հայաստանյան արտադրողների համար։ Կասկած չկա, որ դա ժամանակավոր երեւույթ է եւ իրավիճակը վաղ թե ուշ կարգավորվելու է:

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ