տուն Լուրեր Հայաստանի ԱԳ և Լիբանանի էմիգրանտների նախարարները ուղերձներ են փոխանակել

Հայաստանի ԱԳ և Լիբանանի էմիգրանտների նախարարները ուղերձներ են փոխանակել

108
0

86

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջբրան Բասիլը ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշել է, որ աշխարհում քիչ են այնպիսի երկրները, որոնք այնքան բազմաթիվ թելերով են կապված, որքան Հայաստանը և Լիբանանը: Մեր բարեկամությունը խարսխված է պատմական խոր առնչությունների, մշակութային հինավուրց կապերի և այն ջերմության վրա, որ երկու ժողովուրդներն ավանդաբար տածում են միմյանց հանդեպ: Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ լիբանանահայ հոծ համայնքը այդ կապերի ամրապնդման և դինամիկ զարգացման կարևորագույն գրավականներից մեկն է:

Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ այս ամուր հիմքերի վրա քառորդ դար առաջ ձևավորվեցին և զարգացան մեր երկրների միջպետական հարաբերությունները, որոնք առանձնանում են փոխվստահությամբ ու միմյանց նկատմամբ խոր հարգանքով: Նախարար Նալբանդյանը հավելել է, որ այսօր, հավանաբար, չկա այնպիսի ոլորտ, որը ներառված չլինի հայ-լիբանանյան համագործակցության լայն դաշտում:

Մեծապես կարևորելով մեր երկրների միջև ձևավորված ավանդական ջերմ հարաբերությունները՝ Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ուժերով կկարողանանք նպաստել բազմաշերտ փոխգործակցության առավել սերտացմանը և խորացմանը:

Ջբրան Բասիլն իր ուղերձում նշել է, որ անցած քսանհինգ տարիներին, չնայած համաշխարհային քաղաքականությունն ականատես եղավ բազմաթիվ փոփոխությունների, Լիբանանի և Հայաստանի բարեկամական համագործակցային հարաբերություններն առավել ամրապնդվեցին և սերտացան՝ մեր երկրների կենսական շահերին առնչվող խնդիրների շուրջ փոխադարձ աջակցությամբ և տարբեր ոլորտներում սերտ համագործակցության ակտիվացմամբ։ Նախարար Բասիլն ընդգծել է, որ մեր երկու երկրների հարաբերությունները պահպանում են համապարփակ զարգացման դրական ընթացքը, որով լիբանանյան կողմը միանգամայն բավարարված է։

Լիբանանի արտգործնախարարը շեշտել է, որ 2017 թվականը ոչ միայն հնարավորություն է՝ տոնելու այս կարևոր հանգրվանը և մեր ձեռքբերումները, այլև լավ առիթ է՝ ուրվագծելու և առավել խթանելու մեր երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը։

Նախարար Բասիլն իր ուղերձում վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերություններն ավելի ու ավելի ամրապնդելու Լիբանանի կառավարության հանձնառությունը։