Վերջին տարիներին մեր արտգործնախարարության գործունեությամբ պարզ դարձավ այն, որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում դարձել է գործոն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Գործոն այն իմաստով, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում հայ ժողովրդի բոլոր մոտեցումները հստակ ներկայացրեց միջազգային հանրությանը: Ավելին` շեշտադրումներ արեց նաև մեզ շատ հուզող երկու կարևորագույն հարցերում. առաջին հերթին դա Արցախի հանրապետության անունը հնչեցնելն է, նրա նկատմամբ ոտնձգություն անողների նկատմամբ ռազմաքաղաքական վերաբերմունք դրսևորելն է: Այն, ինչ ասվել էր հանրապետության ներսում, նույն ձևով ասվեց համաշխարհային հանրությանը: Այն է, որ եթե պետք է երկակի ստանդարտներ դրսևորվեն, որ պետք է անհասցե, ոչ կոնկրետ մոտեցումներ դրսևորվի գործողությունների նկատմամբ, բոլորը հստակ գիտեն, որ այդ ոտնձգությունները կատարվում են Ադրբեջանի իշխանությունների ամբարտավանության և լկտիության պայմաններում` ճնշելու ժողովրդական ալիքը, որ բարձրանում է Ադրբեջանում»,- ասաց պատգամավորն ու հավելեց, թե Սերժ Սարգսյանն աշխարհին ասաց, որ եթե շարունակեն նույն կերպ՝ մենք կոնկրետ և հստակ հակահարված ենք տալու:
Ըստ նրա՝ նշանակալի էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը:
«Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանի Դաշնությունը տարեցտարի ավելի մեծ դերակատարում է ունենում աշխարհաքաղաքական գործընթացներում: Արևմուտքն ակամա ընդունում է, որ Ռուսաստանը դարձել է այն գերտերություններից մեկը, առանց որի հետ համագործակցելու, հնարավոր չէ լուծել մեծ աշխարհաքաղաքական խնդիրներ»,- նկատեց նա: