Հայաստանը հաստատակամ է շարունակելու տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումները։ Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, որն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են ինչպես Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը, այնպես էլ միջազգային արդի խնդիրներին, տարածաշրջանի զարգացումներին, մարտահրավերներին եւ հեռանկարին վերաբերող հարցեր:
Հանրապետության նախագահը, կարեւորելով ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների խորացումը, որում, ըստ նրա, մեր երկիրը մեծապես շահագրգռված է, նշել է, որ բարձրաստիճան փոխայցելություններն այդ առումով լավ խթան են հանդիսանում եւ վկայում են փոխգործակցության զարգացման երկկողմ պատրաստակամության մասին:
ՀՀ նախագահը եւ ԵՄ բարձր ներկայացուցիչը համակարծիք են եղել, որ 2015թ. մայիսին Ռիգայում կայացած Արեւելյան գործընկերության 4-րդ գագաթնաժողովը կարեւոր հանգրվան էր ՀՀ-ԵՄ հարաբերություններում, որի վրա հիմնվելով կողմերը շարունակում են համագործակցությունը։ Նրանք կարեւոր են համարել, որ այդ առումով Ռիգայում վերահաստատվեց Հայաստանի եւ ԵՄ միջեւ առկա ընդհանուր ըմբռնումն ապագա համաձայնագրի շրջանակի վերաբերյալ` ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցության հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել տիկին Մոգերինիի մասնակցությամբ տարեվերջին Բրյուսելում տրված Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին եւ հույս հայտնել, որ դրանք կշարունակվեն բնականոն հունով, ու տեսանելի ապագայում կողմերը հաջողությամբ ավարտին կհասցնեն այս կարեւոր գործընթացը:
Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, այդ թվում՝ անցած տարվա դեկտեմբերին կայացած սահմանադրական բարեփոխումներին: Նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը հաստատակամ է շարունակելու տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումները եւ բարձր է գնահատում դրանց իրականացման համար ԵՄ կողմից հատկացվող ֆինանսական փորձագիտական աջակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին: Հանրապետության Նախագահը հյուրին ներկայացրել է այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները, որոնք տարբեր առիթներով բազմիցս հրապարակվել են: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է այս խնդրում Եվրամիության դիրքորոշումը, ընդգծելով, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ նրա առաքելության իրականացման գործում եւ պաշտպանում է բանակցությունների հիմքում ընկած երեք սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները: