Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը հայ հանրությանը հայտնի դարձավ «Գոլոս» նախագծում, ապա նաև ռուսատաբնակ հայ երգչուհի Արծվիկի հետ զուգերգով:
Araratnews.am-ը զրուցել է հայ հանդիսատեսի կողմից սիրված, Ռուսաստանում բնակվող երգչուհի Մարգարիտա Պոզոյանի հետ:
—Մարգարիտա, նախ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք մեզ հարցազրույց տալ:
-Ես մեծ ուրախությամբ եմ հարցազրույց տալիս Ձեզ: Ուզում եմ Հայաստանում ապրող իմ ունկնդիրներն ինձ լավ ճանաչեն:
-Հիմա ամառային հանգստի շրջան է: Նկատեցի «Ինստագրամի» ձեր էջում լուսանկարներ Հունաստանից: Նախընտրո՞ւմ եք ծովային հանգիստը:
-Այո, ես որոշ ժամանակ առաջ եմ վերադարձել Հունաստանից: Տարվա մեջ մեկ անգամ պետք է ծովի կամ օվկիանոսի ափին մոտ լինեմ: Բայց այս տարի ինձ հետաքրքրեց հանգիստը լեռնային գոտում եւ լեռնադահուկային սպորտը: Բայց շոգն ինձ համար ավելի տանելի է, քան ցուրտը: Հիմա ես Իսպանիայում եմ՝ համերգների, այնպես որ կհասցնեմ նաև Իսպանիայում հանգստանալ:
-Նոր տեսահոլովակի, երգի,համերգի մտահղացում կա՞ never say no երգից հետո:
-Ստեղծագործելը չընդհատվող գործընթաց է: Այնպես որ գաղափարներ միշտ կան (ժպտում է-հեղ.): Հիմա նոր երգի համար եմ աշխատում: Պրեմիերան կլինի սեպտեմբերին: Երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի: Դրանից հետո կլինի եւս 2 ռուսալեզու եւ մեկ հայկական երգ: Դե անգլիալեզու շատ երգեր էլ հերթով կհնչեն:
-Մարգարիտա՛, Դուք դժվար ճանապարհ եք անցել: Ձեր հայրն անժամանակ մահացել է, մայրն օրնիբուն աշխատել է, դուք էլ տնային գործերով եք զբաղվել: Հետաքրքիր է՝ շոուբիզնեսում եւս դժվա՞ր է ինքնահաստատվել՝ առանց հովանավորների, թիկունքի: Ընդհանրապես հովանավորներին շոուբիզնեսում ինչպե՞ս եք վերաբերվում:
-Երբեք հովանավորներ չեմ ունեցել կամ նրանց, ովքեր կարող էին իմ՝ արտիստի փոխարեն պատասխանատու լինել: Միշտ ամեն ինչ արել եմ միայնակ: Պրոդյուսերական աշխատանքն աստիճանաբար ետին պլան է մղվում, եւ արտիստներն ինքնուրույն կարողանում են գլուխ հանել, բայց ոչ մենակ. թիմ եւ ֆինանսավորում ունենալը կարևոր է: Մեր աշխատանքի նյութական կողմը երբեք չի փոխվում՝ երգի ստեղծում, գործիքավորում, տեսահոլովակ, համերգային հագուստ, թիմակիցներ, երաժիշտներ՝ այս ամենի համար գումար է պետք: Այնպես որ մեկենասի հովանավորությունից չէի հրաժարվի:
-Ինչպե՞ս եք ընտրում երգահաններին: Հեղինակները հե՞շտ են աշխատում Ձեզ հետ: Երգն ընտրելիս ո՞րն է Ձեզ համար ամենակարևորը:
-Քանի որ երգերիս մեծ մասը ես եմ գրում, բավական գումար եմ խնայում: Բացառություն է մի քանի զուգերգ: Իսկ ընդհանրապես հազվադեպ եմ լինում երգի համահեղինակ: Երգը պետք է արտացոլի իմ զգացմունքները, այնքան գեղեցիկ լինի, որ մարմինդ փշաքաղվի: Մինչ օրս այդպիսի երգ ուրիշի երաժշտական պահոցում չեմ գտել: Այդ պատճառով էլ ինքս եմ գրում երգերը եւ բացարձակ անկեղծ եմ իմ ունկնդիրների հետ:
—Իսկ այլ արտիստների համար երգե՞ր գրում եք:
-Երգերիցս դժվար եմ բաժանվում: Դրանք ինձ հարազատ: Առայժմ չեմ գրում այլ երգիչների համար: Բայց արդեն հասկանում եմ, որ կարող եմ նաև այլոց համար երգ գրել:
-Երգիչները հաճախ են հաշվի առնում հանրության պահանջարկը մեծ գումարներ աշխատելու համար: Հանրության պահանջն ու արվեստը կարո՞ղ են համատեղվե՞լ:
-Իմ ստեղծագործական գործունեության մեջ դժվար է հաշվի առնել հանրության ճաշակը, քանի որ ռուսական, հատկապես հետխորհրդային երաժշտական մտածողությունն ինձ խորթ է: Ինձ հարազատ է արեւմտյան երաժշտական մշակույթը: Ես չեմ հետեւում հանրության պահանջին: Փորձում եմ իմ ունկնդրի համար նոր երանգ ստեղծել: Միևնույնն է, բոլորին սիրելի չես լինի, բայց ինքդ քեզ համար սիրելի լինել, չամաչել այն երաժշտությունից, որը նախ եւ առաջ գրում ես քեզ համար:
-Դուք զուգերգեր կարծես թե սիրում եք, բայց ինչպես մի առիթով եք ասել՝ ֆանատիզմի չի հասնում այդ սերը: Ջոն Լեջենդի հետ զուգերգ կատարելու Ձեր երազանքի մասին չենք մոռացել: Նոր զուգերգով հանդես կգա՞ք առաջիկայում:
-Իմ երգացանկում կան զուգերգեր ռուս հրաշալի արտիստների հետ: Կարծում եմ՝ առայժմ կարելի է դադար տալ: Հիմա հետեւում եմ արտասահմանյան արտիստներին: Ջոն Լեջենդի հետ, այո, ցանկանում եմ երգել:
-Համաշխարհային հայտնի երգիչներից ո՞վ է ազդել ձեզ վրա՝ որպես արտիստ: Դե Քրիստինա Ագիլերայի մասին գիտենք: Ինչպես գրել էիք «Ինստագրամի» ձեր էջում, նա ձեր ընտանիքի մի մասն է:
-Նրանք շատ են: Ինձ վրա մեծ ազդեցություն են թողել Ուիթնի Հյուսթոնը, Շերը, Մրայա Քերին, Մայքլ Ջեքսոնը, Բեոնսեն, Սելին Դիոնը, Լարա Ֆաբիանը, Ալիշա Քիզը, Սթիվի Ուանդերը, Անաստեյշան, Լարիսա Դոլինան, Յուլիա Նաչալովան: Ցանկը կարող եմ լրացնել: Ես մինչ օրս ոգեշնչվում, եռանդով եմ լցվում այդ մարդկանց համերգներին մասնակցելիս, տեսնելով նրանց աշխատանքը:
-Հարցազրույցներից մեկում ասել եք՝ սիրում եք Հայաստանը, նրա բնությունը, մարդկանց: Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել եւ ապրել Հայաստանում:
-Ես բազում անգամ եմ սեր խոստովանել Հայաստանի, նրա մշակույթի, նրա բնության ու պատմության հանդեպ: Այդ խոստովանությունը բացարձակ ճշմարտություն է: Հայաստանն այն վայրն է, որտեղ ուզում ես միշտ վերադառնալ, ոգեշնչվել, էներգիայով լցվել: Բայց Հայաստան տեղափոխվելու, ապրելու ցանկություն չունեմ: Վախենում եմ՝ կկորչի այն կախարդանքը, որն ամեն անգամ ինձ ձգում է իմ պատմական հայրենիքը:
-Հետեւո՞ւմ եք, թե ինչ է կատարվում Հայաստանում հատկապես անցյալ տարի՝ թավշյա հեղափոխություն, նոր իշխանություն…
-Սկզբունքորեն հեռու եմ քաղաքականությունից: Հետեւում եմ իրադարձություններին, բայց միանգամից կարծիքս չեմ ասում, քանի որ ամբողջ ճշմարտությունը չգիտենք: Իսկ ինչ-որ մեկի կարծիքին հենվելը ճիշտ չէ:
—Ձեր հայկական ծագումն արտացոլվում է ստեղծագործական ձեր գործունեության մեջ:
Իմ հայկական արմատներն ազդում եմ իմ վարքի, իմ ապրելակերպի, իմ սկզբունքների եւ իմ ստեղծագործական կյանքի վրա: «Сестра по духу» երգը դարձավ տուրքը իմ ազգին: Եւ սա դեռ սկիզբն է: Պլանավորում եմ հայերեն մի շարք հին երգերի նորովի մեկնաբանություն եւ հեղինակային երգերի թողարկում:
-Լրագրողները համառորեն ցանկանում էին իմանալ Մարգարիտա Պոզոյանի կյանքի ուղեկցի անունը: Դուք լռում էիք: Հիմա այս հարցն ակտուա՞լ է: Ի վերջո, ո՞վ է Ձեր ընտրյալը:
-Կարծում եմ մինչեւ չամուսնանամ, անձնական կյանքին վերաբերող հարցերը կլինեն ակտուալ: Հիմա ես ազատ եմ: Չեմ կարող ասել, որ կյանքի ուղեկցի եմ փնտրում: Այժմ ամբողջությամբ նվիրված եմ կարիերային ու իմ ստեղծագործական իմ կյանքին: Բայց ընտանիքը կարիերային չի խանգարում: Ես երազում եմ ունենալ գեղեցիկ, առողջ եւ երջանիկ ընտանիք:
Լուսանկարները՝ երգչուհու «Ինստագրամի» էջից:
Սոնա Դավթյան