Այսօր Արարատի մարզի Հայանիստ համայնքում գյուղացիները բողոքի ակցիա են իրականացրել: Մեծից փոքր հայանիստցիները հավաքվել են գյուղի կենտրոնական խաչմերուկում և պահանջում են գյուղը սպսարկող 487 համար երթուղային տաքսին փոխարինել ավտոբուսով: Ակցիայի մասնակիցները «Պահանջում ենք ավտոբուս», «Մի ջարդեք մեր մեջքը», «Պահանջում են կանոնավոր չվացուցակ» գրությամբ պաստառներ են պարզել: Ակցիայի մասնակիցները շարունակում վանկարկում են՝ «Ավտոբուս», «Ավտոբուս»: Ակցիայի մասնակից Հայանիստ գյուղի բնակչուհի Աննա Հարությունյանը NewsBook-ի հետ զրույցում ասաց, որ գյուղը չունի տրանսպորտային միջոց և օգտվում է487 համար երթուղայինից, որը սպասարկում է շուրջ 10 գյուղ: Ըստ նրա` գյուղացիները այլընտրանքային տրանասպորտային միջոցից օգտվելու հնարավորություն չունեն: «Մենք այսօր պահանջում ենք, որ երթուղայինը փոխարինվի ավտոբուսով, քանի որ երթուղին սպասարկում է գյուղացիների, երթուղայինում նաև պարկեր են լինում և տեղ չի լինում, որ մենք բարձրանանք: Մշտապես ստիպված ենք լինում կքանիստ վիճակում, միմյանց գրկախառնված գյուղից քաղաք հասնել կամ հակառակը»,- նշեց բողոքի ակցիայի մասնակիցը: Բողոքող հայանիստցիներից Նոնա Ստեփանյանն էլ հավելեց, որ մի քանի տարի առաջ խնդիրը բարձրացվել է, սակայն լուծում այդպես էլ չի ստացել: Նրա տեղեկացմամբ` օրերս նաև նամակ- դիմում են ներկայացրել Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, սակայն պատասխան գյուղացիները դեռ չեն ստացել:
Մանրամասները՝ http://newsbook.am/?p=42102&l=am