Այս պատմությունը սկսվեց, թերեւս, նրանից, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Վրաստանը մասնակցեց խորհրդարանի փոխխոսնակի մակարդակով: Սա, իհարկե, անսպասելի չէր, բայց Հայաստանի քաղաքական եւ հանրային շրջանակներում ճնշող տպավորություն թողեց:
Էլ չենք ասում՝ պետական օղակները սա ընկալեցին որպես ոչ պատշաճ վերաբերմունք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նկատմամբ: Հայաստանի իշխանությունները հասկանում էին, որ Վրաստանը այս հարցում որոշակի բարդություններ ունի, որովհետեւ ոչ միայն հատուկ հարաբերություններ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այլեւ ուղիղ էներգետիկ եւ տնտեսական կախվածության մեջ է այս երկրներից: Մյուս կողմից՝ Հայաստանում հույս ունեին, որ Վրաստանը հատուկ հարաբերություններ ունի նաեւ ՀՀ հետ, եւ խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեի մակարդակով պատվիրակության մասնակցությունը 100-րդ տարելիցի երեւանյան միջոցառումներին՝ վերը նշված թեզը հաստատող փաստ չէր կարող համարվել պաշտոնական Երեւանի կողմից: Եւ այս նրբությունը ավելի էր խտանում Թուրքիայի-Վրաստանի-Ադրբեջանի պաշտպանության նախարարների հաճախակի դարձող հանդիպումներով:
Ահա այսպիսի բավական ոչ նպաստավոր հայ-վրացական ֆոնին, երկուշաբթի օրը՝ մայիսի 4-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ Ազգային ժողովի շենքում ընդունում է ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելության կարգավիճակով հետեւած եւ Երեւանով հայրենիք վերադարձող հարավօսական պատվիրակությանը՝ Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի գլխավորությամբ (ձախ նկարում): Հայաստանի Ազգային ժողովի կայքում, ի դեպ, այդ հանդիպման մասին ոչ մի տեղեկատվություն չկա: Բայց Հրվ. Օսիայի խորհրդարանի կայքում հանդիպման մասին նշում է հայտնվում: Սրան զուգահեռ՝ Վրաստանի ԱԳՆ-ն չափազանց չոր ու խիստ գնահատական է տալիս ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Այս ամենը հայ-վրացական հարաբերություններում բավական մեծ լարվածություն է ստեղծել, որը, ըստ էության, վեր է աճել դիվանագիտական սկանդալի: Իհարկե, ժամանակագրորեն դժվար է վերականգնել, թե որն է եղել սկզբից. Վրաստանի ԱԳՆ հայտարարությո՞ւնը, թե՞ Սահակյան-Բիբիլով հանդիպումը, բայց որ այս երկու իրադարձությունները կապ ունեն իրար հետ՝ ակնհայտ է: Ու հիմա, անկեղծ ասած, ռազբորկաների ժամանակը չէ, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում, չափազանց տհաճ է եւ վտանգավոր: Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն իրականում այսբերգի երեւացող կողմն են, իսկ չերեւացող կողմը շատ ավելի կարեւոր է: Չերեւացող կողմը այն է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը ամեն ինչ անում են հայ-վրացական հակասությունները խորացնելու համար, եւ եթե դա նրանց հաջողվի, կլինի աղետ, առաջին հերթին՝ Հայաստանի եւ Վրաստանի համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ