տուն Լուրեր Հայ-ռուսական համագործակցության մեջ ներգրավված են միլիոնավոր մարդիկ. Սերժ Սարգսյան

Հայ-ռուսական համագործակցության մեջ ներգրավված են միլիոնավոր մարդիկ. Սերժ Սարգսյան

134
0

27357

Հայ-ռուսական համագործակցության մեջ ներգրավված են միլիոնավոր մարդիկ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» ցուցահանդեսի մասնակիցներին եւ հյուրերին ուղղված ուղերձում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված արխիվային նյութերի ցուցադրության խորագիրն արտահայտում է մեր երկու երկրների ռազմավարական գործընկերության իրական բնույթը: Անցած քառորդ դարի ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները բարձրացվել են ամենաբարձր մակարդակի՝ ներառելով միջպետական համագործակցության բոլոր ոլորտները: Ձեւավորվել է պատկառելի իրավապայմանագրային բազա: Դրա հիմքում ընկած են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որի ստորագրման 20-ամյակը մենք նշեցինք ընթացիկ տարվա օգոստոսին, եւ 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը:

Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն առանձնանում է բարձր վստահության քաղաքական երկխոսությամբ: Շահագրգիռ կերպով զարգացնում ենք արտաքին քաղաքական կոորդինացումը միջազգային հարթակում՝ բազմակողմ միավորումների շրջանակներում: Համատեղ ջանքերով ամրապնդում ենք հաջող գործընկերությունը պաշտպանական եւ ռազմատեխնիկական ոլորտներում, զարգացնում ենք արդյունավետ համագործակցություն առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի ոլորտներում: Տարեցտարի ամրապնդվում եւ խորանում են միջտարածաշրջանային կապերը, ընդլայնվում է փոխգործակցությունը մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում:

Կարեւոր է, որ այսօր հայ-ռուսական համագործակցության մեջ ներգրավված են միլիոնավոր մարդիկ, գործարար ու գիտական համայնքներ, երիտասարդական եւ հասարակական կառույցներ: Դա նոր հնարավորություններ ու հեռանկարներ է բացում, տրամադրում է դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ հետագա աշխատանքի՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովման:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հարուստ եւ հետաքրքիր ցուցադրության կազմակերպման գործում»: