Հայ-իրանական հարաբերություններում Հայաստանը պետք է լինի ստեղծագործ: Պետք է ստեղծի նոր ձևաչափեր, որտեղ կունենա կապող օղակի դերակատարություն. այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի վերջին Իրան նախատեսված այցին։
«Հայաստան-Իրան հարաբերությունների ընդլայնումը, զարգացումը և նոր մակարդակի բարձրացումը բխում են երկու երկրների շահերից։ Կարծում եմ՝ մեծ ուշադրություն պետք է դարձնել ոչ թե այդ հարաբերություններում ինչ-որ փոփոխություններ կատարելուն, այլ առկա օրակարգն իրացնելուն, այս պահին սա ամենակարևոր խնդիրն է»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը։
Իրանագետի կարծիքով, Իրանը՝ որպես Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ սահմանակից երկիր, կուզենա տեղյակ լինել նաև արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին․ «Այս առումով, կարծում եմ՝ հանդիպումը կարող է ունենալ, այսպես ասած, թե՛ ճանաչողական նշանակություն, թե՛ կոնկրետ արդյունքներ»։
Ոսկանյանը կարևորեց նաև Հայաստանի դերակատարությունը ԵՄ-Իրան հարաբերությունների զարգացման հարցում։