Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մարտի 17-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի Սեյմի ազգային և էթնիկ փոքրամասնությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դանուտա Պիետրաշևսկայի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հան դիպմանը նարկա է եղել նաև նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԼՀ Սեյմում գերմանական էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ Ռիչարդ Գալլան:
Հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը գոհունակությամբ նշել է, որ Լեհաստանում հայ էթնիկ փոքրամասնությունն ունի օրենքով սահմանված կարգավիճակ, ինչը մի քանի հարյուրամյակ Լեհաստանում ապրող հայ համայնքի հանդեպ դրական վերաբերմունքի դրսևորումներից մեկն է: Էդգար Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի իշխանություններին հայկական կազմակերպություններին ցուցաբերվող աջակցության եւ տարբեր ծրագրերի իրականացման համար, ինչի արդյունքում հնարավոր է դառնում Լեհաստանի տարբեր քաղաքներում կազմակերպել հայկական կիրակնօրյա դպրոցների գործունեությունը, իրականացնել կրթական, գիտական, մշակութային և այլ ծրագրեր:
Զրուցակիցներն ընդգծել են հայ համայնքի ունեցած առանձնահատուկ դերակատարմանը և պատմական նշանակությանը Լեհաստանի կյանքում: ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ԼՀ Սեյմի ազգային և էթնիկ փոքրամասնությունների մշտական հանձնաժողովին 2015 թվականի մայիսի 13-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկման կազմակերպման համար:
Դանուտա Պիետրաշևսկան, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել ակտիվ համագործակցություն հաստատել Լեհաստանում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Լեհաստանի հայկական կազմակերպությունների հետ: