Araratnews.am-ը երեկ տեղեկացրել է, որ ՌԴ իշխանության հետ սերտ կապեր ունեցող մի շարք գործարարներ ընդգրկվել են ԱՄՆ-ի «Կրեմլի ցուցակում»: Այդ գործարարներից են նաև «Տաշիր» ընկերության սեփանականատեր Սամվել Կարապետյանը: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱՄՆ-ի այս քայլը:
Ըստ վերլուծաբանի՝ այս քայլով ԱՄՆ-ը փորձում է սանձել Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը. «Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում, նաև` Հայաստանում: Դա անելու համար Ռուսաստանը գտել է իր գործընկերներին»:
ԱՄՆ-ի «Կրեմլի ցուցակը», մեր զրուցակցի խոսքով, Վաշինգտոնի կողմից դեղին քարտ է Հայաստանին: Հայաստանի ղեկավարությունը մտածելու բան ունի: Քաղաքագետը կարծում է, որ այդ ցուցակով փորձում են բարդացնել ֆինանսական մեծ շրջանառություն ունեցող գործարարների ուղին. «Ռուսաստանում բիզնեսն ու պետությունը սերտաճած են, որն անթույլատրելի է ԱՄՆ-ի համար: ՌԴ գլխավոր դատախազն իր լակոտներով իր հարստությունը դիզել է հասարակությունից գողանալով: Կան բիզնեսմեններ էլ, որոնք Ռուսաստանում իշխանության հետ գործարքի մեջ մտան՝ Խոդորկովսկու ճակատագրին չարժանանալու համար: Սամվել Կարապետյանը նրանցից մեկն է: Այս դեպքում պատանդ է, զոհ: Նա պետք է ապացուցի, որ կապ չունի Պուտինի ռեժիմի հետ: Ընդ որում, բացի Սամվել Կարապետյանից, Ռուսաստանում կան մի շարք գործարարներ, որոնք եւս պատանդի կարգավիճակում: Հայաստանը պետք է այդ բիզնեսմեններին բերի Հայաստան եւ հանի պատանդի վիճակից»:
Տեղի ունեցածի մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սամվել Կարապետյանի մամուլի խոսնակ Զառա Աջեմյանից: Սակայն վերջինս տեղեկացրեց՝ եթե անհրաժեշտություն լինի պատասխանելու, կարձագանքեն:
ԱՄՆ-ի «Կրեմլի ցուցակի» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Շունը հաչում է, քարավանը՝ գնում»:
Սոնա Դավթյան