Այս օրերին Երևանում անցկացվում է Մանկական բժիշկների 4-րդ ազգային գիտաժողովը, որին մասնակցում են ինչպես հայ, այնպես էլ արտերկրից ժամանած մասնագետներ: Գիտաժողովի կազմակերպիչներից մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Սերգեյ Սարգսյանի խոսքով` միջոցառման հիմնական նպատակն ուսուցողական է:
«Այս երկու օրերի ընթացքում կլսվեն 10-ից ավելի դասախոսություններ` մանկաբույժներին, ընտանեկան բժշկներին հետաքրքրող թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են` ինֆեկցիաները մանկական տարիքում, անեմիան, սակավարյունությունը մանկական տարիքում, նյարդաբանական հիվանդությունները, սնուցման խանգարումները և այլն: Մենք նախապես մեր մանկաբույժների հետ քննարկում ենք, թե որ թեմաներն են առավել արդիական և համատեղ մշակում ենք այս ծրագիրը»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Դասախոսությունները ներկայացվում են թե հայ, թե օտարերկրյա մասնակետների կողմից: Գիտաժողովին մասնակցում են 9 հյուր` 4 երկրներից:
«Թեև ուրիշ երկրներում մանկական մահացության թիվն այնքան էլ մեծ չէ, բայց բոլորն էլ ունեն իրենց խնդիրները: Իսկ Հայաստանում մենք դեռևս ունենք չլուծված խնդիրներ, քանի որ թեև մանկական մահացության թիվն իջել է, բայց մենք դեռ շատ ավելի հեռու ենք միջին եվրոպական ցուցանիշներից և դեռ շատ պետք է աշխատենք: Մենք ունենք խնդիրներ նորածնային հասակում երեխաների կառավարման հետ, կրծքի հասակի երեխաների սնուցման հետ: Հայ երեխաների՝ շուրջ 30 տոկոսն ունի սակավարյունության խնդիր: Այնուհետև խնդիր են զարգացման խանգարումները, ինչն ամբողջ աշխարհում է տարածված: Դա մասամբ կապված է նրա հետ, որ նախկինում երեխաներն ավելի հաճախ մինչև ծվնելը մահանում էին, բայց հիմա նրանք կենդանի են մնում: Իսկ քանի որ կենդանի են մնում, նրանք ունեն ռիսկային վիճակներ ու, համապատասխանաբար, զարգացման խանգարումների հավանականությունը նրանց մոտ բարձր է»,- նշեց Սերգեյ Սարգսյանը :