«Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) երկու ամսով կալանավորվեց:
Երեւանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ ուշ երեկոյան մոտ երկու ժամ տևած քննարկումից հետո բավարարել է Արայիկ Խանդոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու քննչական մարմնի միջնորդությունը:
«Կարող եմ ասել՝ քննիչների կողմից հիմնավորումը զրո է, իսկ դատարանի մասով դեռ չեմ հասցրել մանրամասն ուսումնասիրել, սակայն ինչքան հասցրեցի հասկանալ՝ գրեթե ոչինչ էլ չի հիմնավորել»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով` պատանդ վերցնելը և ապօրինի զենք-զինամթերք պահելը:
«Նա չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքները եւ ասաց. «Ես հանցագործ չեմ, ես ընդամենը ավել-սավոկը վերցրել էի, որ էս աղբը մաքրեի»,- Արայիկ Խանդոյանի խոսքը փոխանցեց նրա պաշտպանը:
Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ՝ իր պաշտպանյալը չի հրաժարվել եւ չի հրաժարվելու պայքարից. «Նա շարունակում է պայքարել, երազում է իր գաղափարներն իրականացված տեսնել եւ ասում է՝ դրա համար պատրաստ է մեռնելու: Երեկ, երբ նրան մեղադրանք առաջադրվեց, նա ասաց` մատաղ լինեմ իմ ազգին»:
Պաշտպանի վստահեցմամբ՝ Արայիկ Խանդոյանը միայն մի բանի համար է զղջում, որ ոստիկան է զոհվել:
«Նա գտնում է, որ սկսած գործը պետք է ավարտին հասցնել, ասում է՝ ես էլ չկարողանամ դա անել, մեր հայ ազգը խելացի է, էդ գործն ավարտին կհասցնի»,- հավելեց Արայիկ Պապիկյանը:
Փաստաբանի խոսքով` Արայիկ Խանդոյանին, ամենայն հավանականությամբ, կտեղափոխեն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Շողիկ Գալստյան