տուն Լուրեր «Հավերժ երիտասարդի» ինքնագոլը

«Հավերժ երիտասարդի» ինքնագոլը

141
0

Karen_Avagyan_14

Օրերս Ազգային Ժողովում միջադեպ էր տեղի ունեցել: ՀՀԿ-ական պատգամավորներ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, եւ Կարեն Ավագյանը կոպիտ արտահայտություններով դիմել էին պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, երբ նա բարձրացրել էր կառավարման հարցերում Սերժ Սարգսյանի կոմպետենտության հարցը: Փաշինյանը ստիպված էր եղել նույն ոճով ստիպել նրանց «վեր ընկնել տեղը»:

Այն, որ Առաքել Մովսիսյանը երկրի օրենսդիր մարմնում շատ հաճախ պատգամավորին ոչ վայել պահվածք է դրսեւորում՝ գաղտնիք չէ: Այլ հարց է, թե ինչը դրդեց  իրեն միշտ երիտասարդ ներկայացնող  Կարեն Ավագյանին «նետվել» Սարգսյանի պաշտպանությանը:

Կարեն Ավագյանը ղեկավարում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որն էլ իր հերթին հսկայական գումարների գրանտներ է «կպցնում» Բաղրամյան 26-ից:

Ավագյանն, ըստ էության, պաշտպանել է ոչ թե Սերժ Սարգսյանի անձը, այլ այն գումարները, որոնք իր ղեկավարած հիմնադրամը ստանում է: Բացի այդ Ավագյանի  հարաբերությունները որոշ «օդյոզ» ՀՀԿ-ականների հետ լարվել են, եւ նա առիթը բաց չի թողել իր հավատարմությունը ցույց տալ Սերժ Սարգսյանին: Բայց ստացվել է՝ ինչպես միշտ: Մեր ունեցած տեղեկություններով Ավագյանը իր չափից դուրս «երիտասարդ» գաղափարներով շատ հաճախ անհարմար դրության մեջ է դնում Նժդեհյան գաղափարակիներին, եւ նրանք այս միջադեպից հետո էլ են լուրջ զրույց ունեցել վերջինիս հետ:

Հիշենք, թե ինչպես Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի եւ իր կուսակցության պատվին Կարեն Ավագյանի կազմակերպած համերգի ժամանակ մեթան գազով լիցքավորված փուչիկները պայթեցին երիտասարդների ձեռքում:  Նրանցից շատերը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Հետո Ավագյանի եղբայրը վրաերթի ենթարկեց մի քաղաքացու, չնայած, որ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ մեքենայի ղեկին եղել է նույն ինքը՝ Կարեն Ավագյանը:

Այս ամենից հետո տրամաբանական  հարց է առաջանում, արդյո՞ք Սերժ Սարգսյանն ունի Ավագյանի եւ Մովսիսյանի կողմից պաշտպանվելու կարիքը։ Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպը, թերեւս, Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հերթական պարտությունն էր: Ավագյանն ու Մովսիսյանը ինքնագոլի հեղինակներ դարձան: Կների՞ նրանց Սերժ Սարգսյանը, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: