Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցել է Բելառուսի ընտրանու հետ և վստահ հաղթանակ տարել:
Հանդիպումը կայացել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և ավարտվել 4:1 հաշվով: Նշենք՝ մեր ընտրանին Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ տոնեց իր 4-րդ հաղթանակը:
Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացել է Արաս Օզբիլիսը. նշանակված 11-մետրանոցից Հենրիխ Մխիթարյանի երկու վրիպումից հետո վրա հասած Արաս Օզբիլիսը գնդակը գլխի գեղեցիկ հարվածով կարողացել է, այնուամենայնիվ, ուղարկել մրցակցի դարպասն ու առաջ մղել մեր թիմին:
Րոպեներ անց Մխիթարյանը կարողացել է քավել մեղքն ու գեղեցիկ գոլով կրկնապատկել Հայաստանի առավելությունը:
Երկրորդ կեսի մեկնարկում մերոնք երրորդ գնդակն են ուղարկել բելառուսցիների դարպասը. աչքի է ընկել «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը, ով տևական դադարից հետո վերադառնալով հավաքական՝ խփել է իր երկրորդ գոլը Ազգային թիմի մարզաշապիկով:
Բելառուսցիների կազմում մեկ գնդակ կարողացել է հետ բերել Անտոն Սարոկան՝ խաղի 56-րդ րոպեին գրավելով Արսեն Բեգլարյանի դարպասը, ով ի դեպ բավականին լավ տպավորություն թողեց հավաքականի մեկնարկային կազմ վերադառնալուց հետո:
Հանդիպման վերջնահաշիվը չափազանց գեղեցիկ գոլով ձևակերպել է «Փյունիկի» երիտասարդ ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը, ով իր նորամուտն էր նշում Հայաստանի հավաքականի կազմում: 19-ամյա կիսապաշտպանը երկրորդ կեսի միջնամասում էր դուրս եկել խաղադաշտ:
Հատկանշական է, որ հանդիպումն անցել է գրեթե դատարկ տրիբունաների ներքո. ինչ-որ չափով լիքն էր «Հանրապետական» մարզադաշտի միայն Արևմտյան տրիբունան: Իսկ ազգային ընտրանու երկրպագուների «FAF» և «Red Eagles» շարժումներն ամբողջ խաղի ընթացքում գրեթե լուռ էին: «FAF»-ն ավելի վաղ հայտնել էր, որ խաղից առաջ չի իրականացնի երկրպագուական երթ, իսկ խաղի ընթացքում՝ որևէ երկրպագման միջոցառում:
Հիշեցնենք՝ ևս մեկ ընկերական հանդիպում մեր ընտրանին կանցկացնի նոյեմբերի 13-ին՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով Կիպրոսին: