Ամիսներ առաջ զանգվածային լրատվության միջոցներով հաշմանդամություն ունեցող անձինք ահազանգեցին, որ բժշկասոցիալական հերթական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել կամ ստացել են հաշմանդամության ավելի ցածր կարգ՝ չնայած նրան, որ այն առողջական խնդիրները, որոնց հիման վրա հաշմանդամության կարգ է սահմանվել, չեն վերացել, առողջության դրական տեղաշարժ ևս չի գրանցվել:
Այդ խնդրով մի շարք քաղաքացիներ նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էին դիմել: Կազմակերպությունը համապատասխան հարցումներ էր ուղարկել, աջակցել ԲՍՓՀ որոշումների՝ վերադասության և դատական կարգով բողոքարկման հարցում:
Հաշվի առնելով ահազանգերի մեծ թիվը՝ 2017 թ. մայիսի 24-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև տեղեկատվության հարցում էր ուղարկել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 2017 թ. 1-ին հնգամսյակում հաշմանդամության կարգ ստանալու հարցով դիմած անձանց, հերթական փորձաքննության արդյունքում հաշմանդամ ճանաչված, վերափորձաքննություն անցած և դրա արդյունքում հաշմանդամ ճանաչված անձանց թվի վերաբերյալ:
Կազմակերպությունը տեղեկատվություն էր հայցել նաև բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անձին հաշմանդամ չճանաչելու հիմքերի վերաբերյալ: Վերլուծելով Նախարարության՝ 2017 թ. հունիսի 5-ի պատասխանով ներկայացված թվական տվյալները՝ հետաքրքիր օրինաչափություն ենք բացահայտում. նշված ժամանակահատվածում բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չի ճանաչվել դիմած քաղաքացիներից յուրաքանչյուր 5-րդը:
Ընդ որում՝ օրինաչափությունը պահպանվում է նաև՝ ըստ հերթական վերափորձաքննության դիմած և առաջին անգամ դիմած քաղաքացիների թվի: Այսպես՝ 2017 թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 24-ը, համաձայն Նախարարության տրամադրած պատասխանի, հաշմանդամության սահմանման համար դիմած և վերափորձաքննված անձանց ընդհանուր թիվը 24.593 է, որից 4826-ը հաշմանդամության կարգ չեն ստացել:
Համապատասխանաբար՝ հերթական փորձաքննության դիմած 19.187 անձանցից հաշմանդամ չի ճանաչվել 3454 անձ, իսկ առաջին անգամ դիմած 5406 անձանցից՝ 1114-ը: Ընդ որում՝ հաշմանդամ չճանաչված անձանց գերակշիռ մասը՝ 3305 անձ, նախկինում ընգրկված է եղել հաշմանդամության երրորդ խմբում:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ