տուն Լուրեր Հասարակության ձայնը երբ լսում ենք, ասում եք՝ ինչո՞ւ եք մեղա գալիս, երբ...

Հասարակության ձայնը երբ լսում ենք, ասում եք՝ ինչո՞ւ եք մեղա գալիս, երբ չենք լսում…

156
0

Լինելու է հրապարակային քննարկում, նախագիծը որոշ գիտնականների հետ քննարկվել է, բայց ավելի լայն քննարկման կդրվի: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով 2019 թ․ բուհերի լաբորատորիաների և գիտահետազոտական կենտրոնների ֆինանսավորման հարցին։

Թե ինչու որոշվեց նախորդ տարվա որոշումը վերանայել հարցին՝ նախարարը նշեց․ «Մենք հիմք ընդունեցինք, որ 2018 թ․ բազայինի համար անցկացվել էին մրցույթներ, և լրացուցիչ մրցույթի կարիք չկար։ Բայց շրջանառության մեջ ենք դնելու կրթության և գիտության նախարարի հրամանի նախագիծ, որով գնահատվելու են գիտահետազոտական կենտրոնների արված աշխատանքները, արդյունքները, պոտենցիալը, և ըստ այդ վարկանիշավորման, մենք կառաջարկենք՝ արդյոք 2020-ից արդյունավետ կլինի՞ ֆինանսավորումը, թե՞ ոչ»։

Հարությունյանի խոսքով՝ իրենք մեղայականով հետ չեն կանգնել նախորդ տարվա որոշումից, այլ հաշվի են առել գիտնականների կարծիքը, ովքեր հարցի հետ կապված վերապահում ունեին։

«Հասարակության ձայնը երբ լսում ենք, ասում եք՝ ինչո՞ւ եք մեղա գալիս, երբ որ չենք լսում՝ ասում եք, որ դուք բիրտ ուժ եք կիրառում։ Ըստ նպատակահարմարության ընդունվեց այս որոշումը, որը և՛ կառավարության համար, և՛ ԿԳՆ-ի համար, և՛ գիտության կոմիտեի համար, և՛ գիտնականների համար փոխադարձ ընդունելի որոշում էր»,- շեշտեց նախարարը։

Հարությունյանը նկատեց, որ իր համար տարօրինակ է եղել կրճատումների նման թվեր ներկայացնելը՝ շեշտելով, որ իրենք ուզում էին մրցույթներով մրցակցային դաշտ ստեղծել։