Օրերս ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Սա ենթադրում է, որ գործող նախարարությունների թիվը մեկով պակասում է: Խոսքը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաստիքի մասին է: Նախկինում էլ Կառավարությունը կրճատել էր Քաղաքաշինության նախարարությունը` այն վերածելով կոմիտեի:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը ստեղծել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ 2013-ին: Այդ ժամանակ նախարար նշանակվեց ներկայիս փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նրանից հետո այդ պաշտոնում նշանակվեց Դավիթ Հարությունյանը, ում օրեր առաջ Սերժ Սարգսյանը նշանակեց արդարադատության նախարար: Նկատենք, որ Կառավարությունն ըստ իր անհրաժեշտության նախարարի հաստիքներ է ստեղծում, նախարարություններ միացնում, հետո դարձյալ, ըստ անտրամաբանական բացատրության, դրանք բաժանում: Նման իրավիճակներ վերջին մի քանի տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ արձանագրվեցին: Կառավարությունը, օրինակ` նախագիծ էր բերում խորհրդարան, ինչքան ուժ ուներ հիմնավորում, թե անհրաժեշտ է, որ, ասենք, արտակարգ իրավիճակների նախարարությունը միանա տարածքային կառավարման նախարարությանը, հետո որոշ ժամանակ անց, նորից նույն ուժով հիմնավորում, որ բաժանումն ավելի քան անհրաժեշտություն է: Սա խոսում է ոչ միայն գործող իշխանության անլուրջ լինելու, այլ նաեւ պահի ազդեցությամբ, այս կամ այն գործչին հաճոյանալու իշխանության որդեգրած ձեռագրի մասին:
Հիմա փաստացի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը չի լինելու: Չորս տարի շարունակ այդ պաշտոնում նշանակվածը պետական բյուջեից, այսինքն` հարկատուներիս գրպանից, ստացել է գումար: Նախ` Վաչե Գաբրիելյանը, հետո արդեն Դավիթ Հարությունյանը ստացել են ամսական մոտ 793 հազար դրամ, տարեկան` շուրջ 10 մլն:
Այս ավելորդ հաստիքը 4 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիներիս վրա նստել է մոտավորապես 40 մլն դրամ: Իսկ թե ինչ արդյունք են գրանցել նրանք` այդպես էլ անհայտ է:
Փայլակ Ֆահրադյան