տուն Լուրեր Հարությունյանը՝ Սարգսյանի հագով «կարած» նախագծերի մասին (տեսանյութ)

Հարությունյանը՝ Սարգսյանի հագով «կարած» նախագծերի մասին (տեսանյութ)

167
0

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կառավարության նիստում ընդունված որոշման նախագծին, որով նաև նախատեսվում է, որ Կառավարության նիստերը կանցկացվեն  դռնփակ:

Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր երկրում կառավարության նիստերն անցնում են դռնփակ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: «Դռնփակ անցկացնելը հնարավորություն է տալիս ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղել Կառավարության մյուս անդամների առաջարկություններին»,- ասաց նա, հավելելով, որ որպես փաստ պետք է արձանագրել, որ մենք բացառություն ենք, որ նիստերը դռնբաց են, որ մասնակցում են այդքան շատ այլ անձինք, ովքեր Կառավարության անդամ չեն հանդիսանում:

«Այդ երկուսը, իմ կարծիքով, բերում է բացասական հետևանքների: Իրական քննարկում տեղի չի ունենում նիստին, լինում է կամ նիստից հետո, կամ նիստից առաջ, ինչը, ըստ իս, նորմալ չէ»,- ասաց նա և նշեց, որ ուսումնասիրել են միջազգային փորձը, և կառավարության նիստերն ամբողջովին հեռարձակող երկրներ պրակտիկորեն գոյություն չունեն: «Սակայն դա չի նշանակում, որ կառավարության գործունեությունը չպետք է լինի թափանցիկ, և դա է պատճառը, որ օրենքում ամրագրված է` որպես վարչապետի պարտականություն ապահովել Կառավարության գործունեության թափանցիկությունը, հասանելիությունը հասարակությանը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մեկ այլ նախագծով վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ը: Ուժային կառույցները ապրիլի 9-ից հետո ենթարկվելու են վարչապետին: Հաշվի առնելով այս ամենը` Araratnews.am-ը Հարությունյանից հետաքրքրվեց, թե փաստորեն  բոլոր նախագծերը կարվում են Սերժ Սարգսյանի «հագով»:

«Բաղրամյան 26-ի  հետ կապված. ենթադրենք` դուք եք ընտրվել վարչապետ, և ենթադրենք` Սերժ Սարգսյանը չի ընտրվել վարչապետ և որոշում է չշարունակել պաշտոնավարել, այնուամենայնիվ, Բաղրամյան 26-ը շենք է, որը հատուկ հարմարեցված է ծառայելու մի շարք նպատակների, որոնք բնորոշ են գործադիր իշխանության ղեկավարին, դա է պատճառը, որ Բաղրամյան 26-ը  կապ չունի` թեկնածուն Սերժ Սարգսյա՞նն է, թե՞ այլ անձ»,- ասաց նախարարը: Դավիթ Հարությունյանը նշեց, որ սկզբունքորեն գործող նախագահը հինգ տարի ժամկետով է նշանակվում: «Եթե մենք նպատակադրեինք կարել որևէ համակարգը այս կամ այն անձի համար, եթե նման դրդապատճառներ ունենայինք, Սահմանադրությունը փոխել ընդհանրապես պետք չէր: Այնպես որ, մենք խոսում ենք փոփոխությունների մասին՝ պատասխանատվություն և պատասխանատվություն խորհրդարանի առաջ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է թեկնածություններին, ապա Դավիթ Հարությունյանը նշեց, որ յուրաքանչյուր կուսակցություն, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, ունի ոչ միայն մեկ թեկնածու, այլ անհամեմատ ավելի շատ: «Իսկ թե ո՛ր թեկնածությունը կառաջադրվի, դրա մասին մենք կհայտնենք մեր որոշումը, երբ կայացնենք: Որոշումը կայացնելիս հաշվի ենք առնում երկրում տիրող իրավիճակը, մարտահրավերները և առավել արդյունավետ եղանակը երկիրն առաջ տանելու, ապահովելու նրա անվտանգությունը: Այս ամենը հաշվի առնելով` կուսակցությունը որոշում կկայացնի և կհայտնի»,- ասաց նա:

Փայլակ Ֆահրադյան