Հարություն Մաշադյանը 2018 մարտին նշանակվել է ՀՀ դատախազության Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։ Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, նշելով, որ օրեր առաջ՝ 2019-ի փետրվարի 4-ին փոխադրվել է ՀՀ դատախազության Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ։ Այսինքն տեղի է ունեցել աշխատանքային վայրի փոփոխություն, մեկ կայազորից տեղափոխվել է մեկ այլ կայազոր:
Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվող լուրերի համաձայն՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Հարություն Մաշադյանը, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ:
Նշենք, որ Երևանի կայազորի դատախազի պաշտոնը զբաղեցնում է Արթուր Անտոնյանը:
«Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը՝ սկսած մասնագիտությունից մինչև զինվորական ծառայությունը, և 2018 թվականի մարտից ընդունվել է դատախազության համակարգ՝ որպես դատախազ, նա երրորդ դասի խորհրդական է»,-ասաց Խաչատրյանը: