Արդեն մեկ տարուց ավելի է, որ հայկական «Շանթ» հեռուստաընկերությունը ցուցադրում է հնդկական «Հարսիկը» սերիալը: Այն, ըստ տեղեկությունների, բավական մեծ աղմուկ է առաջացրել Հնդկաստանում, քանի որ ֆիլմի ստեղծագործական խումբը քննադատել է Հնդկաստանի նահապետական բարքերն ու ավանդույթները, որոնք խորտակում են մարդուն: Սերիալում կերպարները բազմաթիվ են: Դրանցից մեկը Սանչին է՝ մարզպետ Շիվրաջ Շեքարի քույրը, որի դերը խաղում է երիտասարդ դերասանուհի Ռուփ Դուրգափալը:
Սանչիի կերպարն առանձնահատուկ է սերիալում: Երիտասարդ մի աղջիկ, որը սերիալի սկզբում հղփացած է, երես առած, ինքնահավան, չար, իսկ ահա կյանքի հարվածներից հետո աստիճանաբար փոխվում է:
Araratnews.am-ին հաջողվեց կապ հաստատել դերասանուհի Ռուփ Դուրգափալի հետ եւ նրանից բացառիկ հարցազրույց վերցնել:
Ռո՛ւփ, նախ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք մեզ հարցազրույց տալ:
Ես մեծ հաճույքով եմ զրուցում ձեզ հետ: Թող իմ հայ երկրպագուներն իմ մասին ավելին իմանան (ժպտում է-հեղ):
Շնորհակալ եմ: Իմ առաջին հարցը վերաբերում է դերասանի ձեր կարիերային: Ինչպես այն սկսվեց: Դուք մինչ կինոյում խաղալը ստացել էիք ճարտարագետի որակավորում:
Այո, ես զբաղվել եմ ճարտարագիտությամբ գործիքավորման ոլորտում եւ աշխատել ծրագրային ինժեներ: Բայց դերասանի մասնագիտությունն իմ կիրքն է: Ես ցանկանում էի թողնել ճարտարագետի աշխատանքը եւ զբաղվել դերասանությամբ: Փաստացի ես իմ առաջին պորտֆոլիոն արել եմ ճարտարագետ աշխատելիս. նկարահանվել եմ տեսահոլովակներում, հեռուստաընկերությունների գովազդային հոլովակներում մինչեւ «Հարսիկում» նկարահանվելը: Իսկ ահա «Հարսիկում» խաղալն ընդգծեց իմ առանձնահատկությունը:
Դժվար չէ՞ խաղալ Սանչիի բացասական, դժվար, բայց եւ զարգացող կերպարը:
Սանչին հարազատ է ինձ: Նա շատ ռեալ կերպար է: Ընդհանրապես կյանքում ոչ ոք ամբողջությամբ դրական մարդ չէ: Մենք տարբեր «երանգներ» ունենք: Մարդ ենք, զայրանում ենք, խանդում, անվստահ ենք՝ իրավիճակից կախված: Կերպարը, իհարկե, դժվար էր խաղալը, բայց այն օգնեց դերասանի իմ կարիերայի աճին: Սանչիի դերը հսկայական ժամանակային գրաֆիկ ուներ՝ քոլեջի հղփացած ուսանողուհուց՝ ամուսնացած կին, որը պայքարում է իր իրավունքների համար ամուսնու տանը: Սանչիի դերը խաղալը հաճելի էր եւ հետաքրքիր:
Այնուամենայնիվ, հայ հեռուստադիտողներից ոմանք կարծում են, որ Սանչիի կերպարը իրական չէ: Նա չէր կարող փոխվել դեպի լավը հատկապես բռնաբարությունից հետո:
Բռնաբարությունը ծանր հանցագործություն է: Հանցագործը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Հանցագործները կարող են փոխվել կամ չփոխվել: Բայց Սանչին՝ բռնաբարության զոհը, այդ դեպքից հասկացավ ընտանիքի արժեքը: Տղան, որին անվերապահորեն վստահում էր եւ հանուն որի ցավ պատճառեց իր ընտանիքին, դավաճանեց նրան: Այդ դժվար պահին Անանդին՝ Սանչիի հարսը, դարձավ նրա «ողնաշարը»: Սանչին հասկացավ, որ իր դժվար պահերին աջակցում է ընտանիքը: Այդ դժբախտությունը Սանչիի համար ցնցում էր, բայց նա ավելի ուժեղ դարձավ դրանից հետո:
Այսօր աշխարհում, միջազգային բազմաթիվ կազմակերպություններ բարձրաձայնում են կանանց դեմ բռնության խնդիրը: Ըստ ձեզ՝ արվեստը կարո՞ղ է աջակցել այս խնդրի լուծմանը: Հայտնի է, որ Հնդկաստանում եւս կա կանանց բռնության խնդիրը:
Կինոն իրականության հայելին է: Մենք տեղեկացնում ենք մարդկանց տարբեր խնդիրների մասին: Կանայք ընդհանուր առմամբ բնակչության կեսն են: Եւ եթե նրանք պաշտպանված չեն, նրանց չեն հարգում, ուրեմն ժողովրդի կեսն անպաշտպան է: Կինոն կարող է սովորեցնել տղամարդկանց կանանց հարգել: Քաղաքակիրթ հասարակարգում կնոջ դեմ բռնություն չի կարող լինել: Տղամարդիկ պետք է տեղեկանան կանանց եւ նրանց անհրաժեշտ բժշկական կարիքների մասին: Հնդկաստանում այդպիսի ֆիլմեր եղել են, որոնք սովորեցնում են տղամարդկանց, թե ինչպես են նրանք կարևոր դեր խաղում կանանց պաշտպանելու համար:
Մինչ «Հարսիկ» սերիալը ցուցադրելը հայկական հեռուստաընկերությունն անոնսում հայտարարեց՝ սերիալը մեծ աղմուկ է առաջացրել Հնդկաստանում: Դա ճի՞շտ է, թե՞ ոչ:
«Հարսիկ» սերիալը մանկական ամուսնության մասին է: Հնդկաստանի որոշ տարածքներում մանուկ հասակում ամուսնությունը տարածված էր: Սերիալը ցույց է տալիս՝ ինչպես է այն ազդում երեխաների վրա, երբ նրանք պետք է սովորեն եւ խաղան: Այնպես որ, սերիալը այդ ամենը փոխելու ուղին է ցույց տալիս, որի շնորհիվ էլ այն դարձավ ամենաերկար սերիալը Հնդկաստանում:
«Հարսիկից» հետո այլ սերիալներում խաղացե՞լ եք: Նկարահանման նոր առաջարկներ ունե՞ք:
Սանչիից հետո տարբեր դերեր եմ խաղացել: Հուսամ, որ դրանք եւս կթարգմանվեն հայերեն, որպեսզի իմ երկրպագուներն ինձ ավելի շատ տեսնեն (ժպտում է):
Ի՞նչ է պետք լավ դերասանուհի լինելու համար Հնդկաստանում: Դժվա՞ր չէր ձեզ համար մուտք գործել Հնդկաստանի հսկայական կինոարտադրություն:
Կարծում եմ՝ պետք է լինել անկեղծ, հետեւողական, աշխատասեր եւ պրոֆեսիոնալ իր գործում: Յուրաքանչյուր մասնագիտության մեջ պետք է մրցունակ լինես եւ հեշտ չէ այնտեղ մուտք գործել: Եթե շատ եք ուզում լինել դերասան, ապա պետք է շատ ջանք թափել:
Պապարացիները, մեդիան հետաքրքրվում են դերասանների անձնական կյանքով: Արդյոք Ռուփը գտել է կյանքի երկրորդ կեսին:
Ես նախընտրում եմ իմ անձնական կյանքը հեռու պահել մասնագիտական գործունեությունից: Ես ակտիվ եմ սոցիալական ցանցերում եւ իմ երկրպագուներին տեղեկացնում եմ այն ամենը, ինչ անում եմ: Իսկ անձնական կյանքը պահում եմ անձնական, որ պահպանեմ նրա մաքրությունը:
Բացի կինոյից, ինչ հետաքրքրություններ ունեք:
Շատ եմ սիրում երգել: Ունեմ «Յութուբում» իմ ալիքը, որտեղ հրապարակում եմ իմ կատարմամբ երգեր հնդկական ֆիլմերից: Ուրախ կլինեի, եթե իմ հայ երկրպագուները լսեին իմ կատարումները: Սիրում եմ նաև ճանապարհորդել, նկարել էսքիզներ, կարդալ կոմիքսներ, զբաղվել յոգայով եւ մեդիտացիայով:
Եւ վերջին հարցը: Ի՞նչ գիտեք հայերի, Հայաստանի, հայկական մշակույթի մասին: Ունե՞ք հայ ընկերներ Հնդկաստանում:
Հնդկաստանում հայերի դեռ չեմ հանդիպել: Բայց ես նամակներ եմ ստանում իմ հայ երկրպագուներից: Կցանկանայի գալ Հայաստան առաջիկայում՝ նրանց հետ հանդիպելու: «Հարսիկը» սերիալը այլ երկրներում ներկայացնելիս շատ երկրներում եմ եղել: Հուսամ՝ ձեր հեռուստաընկերությունները եւս ինձ կհրավիրեն Հայաստան՝ լավ ծանոթանալու ձեր երկրին, մշակույթին: Մեծ սեր եւ գրկախառնություն՝ Հայաստանին:
Սոնա Դավթյան