տուն Արցախ Հարկային համակարգի փոփոխություններն ու զարգացման միտումներն Արցախում

Հարկային համակարգի փոփոխություններն ու զարգացման միտումներն Արցախում

333
0

arcax

Տնտեսության կայունացման, առաջընթացի ապահովման, տարաբնույթ խնդիրների լուծման գործում չափազանց կարևոր դեր ունի երկրի հարկային համակարգը:

Անկախացման և տնտե­սական ինքնուրույն քաղաքականության վարման տարիներից սկսած Արցախում առաջնահերթ բնույթ էր կրում պետական գործառույթների իրականացման նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների կենտրոնացման խնդիրը, ուստի նորանկախ հանրապետությունում ձևավորվեց ինքնուրույն հարկային համակարգ և մշակվեցին  և գործողության մեջ դրվեցին հարկային հարաբերությունների կարգավորմանն ուղղված  մեթոդներ  ու մեխանիզմներ:

Հարկ է նշել, որ  անցած շուրջ 25 տարիների  ընթացքում Արցախի հարկային համակարգում պարբերաբար փոփոխություններ են իրականացվում`  ինչպես  հարկատուների համար այն ավելի պարզ ու մատչելի դարձնելու, այնպես էլ  պետական բյուջե հարկային եկամուտներն ավելացնելու նպատակով:

Վերջինիս մեջ համոզվելու համար ներկայացնենք 2007-2016 թթ. հարկային եկամուտների ու տուրքերի շարժընթացը Արցախում:

20370398_755893684597371_1291331612_n

 

Բերված տվյալները վկայում են, որ 2016 թվականին հարկային եկամուտները ավելացել են ուսումնասիրվող բոլոր տարիների համեմատ, բացառությամբ 2015թ-ի:

2016 թվականի ընթացքում ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների  ու տուրքերի  նախորդ տարվա համեմատ կրճատումը մասնագիտական մոտեցումներով պայմանավորված է հիմնականում նորաստեղծ հարկ վճարողներին եռամսյա ժամկետով արտոնությունների տրամադրմամբ, հաստատագրված վճարների և արտոնագրային վճարների մասով որպես արտոնություն նվազեցվող գործակիցների կիրառմամբ և հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձի էական աճով (2016թ.-ին 238 վարձու աշխատողի վերադարձվել է 116 մլն դրամ` նախորդ տարվա 36 մլն դրամի փոխարեն):

Հարկային համակարգի դրական միտումները վերականգնվել են ընթացիկ տարում:

Այսպես ՝ 2017 թվականի 1-ին կիսամյակում ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 15254.1 մլն դրամ` պլանավորված ցուցանիշը գերազանցելով 9.6 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 18.7 տոկոսով: Գերակատարումը կազմել է 1340.2 մլն դրամ, որից 1232.7 մլն դրամը ապահովել է «Բեյզ Մեթալս» ՓԲԸ-ն` Կաշենի հանքավայրի շահագործման հաշվին:

Ուղղակի և անուղղակի հարկերի հարաբերակցության փոփոխության առումով հատկապես դրական տեղաշարժ է նկատվել. վերջին 3 տարիներին բարձրացվել է ուղղակի հարկերի տեսակարար կշիռը ի համեմատ անուղղակի հարկերի (միջինում` 51%), ինչը, կարծում ենք «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքի 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու հետևանք է:

Հարկային համակարգի արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մակարդակը, որը քանակապես կարելի է ներկայացնել որպես բնակչության մեկ շնչի հաշվով հարկի գումարի հարաբերություն բնակչության վճարունակությանը:

Ընդ որում` որքան բարձր է բնակչության վճարունակությունը, այնքան ցածր է հարկային բեռը։ Որքան բարձր է բնակչության մեկ շնչի հաշվով հարկի միջին գումարը, այնքան բարձր է հարկային բեռը։

2016թ.-ին Արցախում  հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 14.1%, սակայն Արցախի պարագայում  մաքսային սահմանի բացակայության պատճառով  հնարավորություն չի ընձեռնում ամբողջությամբ արտացոլելու հարկատուների վճարած գումարները:

Վերջին տարիներին պաշտոնական և մասնագիտական գնահատումներով Արցախում  որոշակիորեն բարելավվել են հարկատու-հարկահավաք հարաբերությունները, դրանք  դարձել ավելի քաղաքակիրթ, արդարացված և ընդունելի, կիրառվում է արտոնությունների լայն համակարգ նաև անուղղակի հարկերի գծով, ինչը նպաստել է համակարգի թափանցիկությանն ու կայունությանը, ինչպես նաև հիմքեր ստեղծել հարկային կարգապահության և հարկերի վճարման կամավորության սկզբունքի արմատավորման համար:

Արցախում հարկային համակարգի կայունության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները նշանակալի են, ինչի շնորհիվ որաշակիորեն բարելավվել է հարկային վարչարարությունը, գերակատարվել են հարկային եկամուտների գծով պլանավորված ցուցանիշները և հարկման բազայի ընդլայնման հաշվին ավելացել են բյուջետային մուտքերը:

 Այդուհանդերձ համակարգը զերծ չէ թերություններից և կատարելության մասին խոսել դեռևս վաղ է, ուստի հարկ է ձևավորել այնպիսի համակարգ, որն առավելագույնս կնպաստի ձեռնարկատիրական հարաբերությունների արմատավորմանն ու արտադրության զարգացմանը:

Դրան կարող է նպաստել Արցախում  «Հարկային օրենս­գրքի» ընդունումը, որը կարևոր ներդրում կլինի տնտեսության ակտիվացման, գործարար միջավայրի հետագա բարելավման, «պետություն-մասնավոր հատված» գործըն­կերային կապերի ամրապնդման գործում: Դրանով հնարավոր կլինի նկատելիորեն կենտրոնացնել և միօրինակ դարձնել հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, ինչի արդյունքում հարկային օրենսդրությունը կդառնա առավել համակարգված, իսկ դրանից օգտվելը՝ առավել դյուրին՝ ընդգրկելով ոչ թե կարճաժամկետ ու տեղային խնդիրների լուծմանն ուղղված, այլ նախապես մշակված և տնտեսության երկարաժամկետ զարգացման նպատակ հետապնդող օրենսդրական փոփոխություններ:

Ինչ խոսք, երկու հայկական հանրապետությունների տնտեսությունների սերտ ինտեգրացվածության, միասնական մաքսային սահմանների առկայության, օրենսդրաիրավական կարգավորման մեխանիզմների ընդհանրության հետ կապված, ՀՀ հետ ներդաշնակ և համահունչ հարկային քաղաքականության իրականացումը, ՀՀ և ԱՀ հարկային համակարգերի տեղե­կատ­վական բազաների միջև կապերի հաստատումը, առցանց հարթակ կստեղծի տեղե­կատվության ներկայացման, փաստաթղթա­շրջա­նա­ռության կրճատման համար, հատկապես, ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությամբ պայմանավորված նրանց հարկային համակարգերի գործունեության կոորդինացման և փոխգործակցության ձևերի կատարելագործման պայմաններում:

 

Նինա Բալայան, տնտեսագետ (Արցախ)