տուն Լուրեր Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ. Լեւոն Շիրինյան

Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ. Լեւոն Շիրինյան

148
0

Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է նաև քաղաքագետ Լեւոն Շիրինյանի գլխավորած՝ Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը: Ի՞նչ ակնկալիքներով է մասնակցում ընտրություններին Լեւոն Շիրինյանը եւ իրեն ո՞ր դաշտում է տեսնում. տեղեկացավ Araratnews.am-ը Լեւոն Շիրինյանից:

Պարո՛ն Շիրինյան, հրապարակվել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները, որոնց վերաբերյալ հանրության գնահատականն այնքան էլ  դրական չէ: Դուք ի՞նչ կարծիք ունեք ձեր մրցակիցների ցուցակների մասին:

Դժվար հարց եք տալիս: Մրցակիցների մասին ի՛նչ խոսեմ: Ես գիտեմ, որ դոկտոր, պրոֆեսոր միայն մեր կուսակցության ցուցակում կա:

Դուք ո՞ր գաղափարախոսության կրողն եք եւ ո՞ր բեւեռում եք հանդես գալու:

Մենք հետազոտական աշխատանք անողներ ենք եւ բերում ենք նոր երևույթ՝ այլընտրանք, որպեսզի դիմություն-ընդդիմություն  հակադրությունը, որը երբեմն կուլմինացիայի է հասնում, մեղմանա: Բերում ենք նոր ծրագրեր, նոր տեսություն:

Իշխանության ո՞ր մոտեցմանն եք այլընտրանք: 

Տնտեսականին եք այլընտրանք: Եթե Հայաստանում արդյունաբերությունը չվերագործարկվի եւ քարի արդյունաբերության հիման վրա արդյունաբերական համալիր չլինի, ճիշտ չի լինի: Եթե պայքար չլինի «խորքային» պետության դեմ, Հայաստանի դեմոկրատացում չի լինի:

Խորքային պետություն ասելով՝ նկատի ունեք քրեաօլիգարխիկ համակա՞րգը:

Այո՛: Այն դեռ չի կազմաքանդվել: Ֆասադը մաքրված է, բայց համակարգը կա: Հարկային օրենսդրություն չի փոխվել, հարկայինում աշխատող  անձնակազմը չի փոխել, կրթությունը չի բարեփոխվել…

Քանի՞ մանդատի եք հավակնում:

Եթե զանգեք ինձ քարոզարշավի 5-րդ օրը, ես ձեզ ճշգրիտ կասեմ:

Դուք ասացիք՝ ընդդիմություն ասածը չեք ընդունում…

Ոչ թե չենք ընդունում, այլ մենք ընդդիմություն չենք լինելու: Մենք  թիկունք ենք կանգնելու  վարչապետին՝ հեղափոխության իդեալներն իրականացնելու, բայց Հայաստանում բացարձակ քաղաքական  մեծամասնություն չպետք է լինի:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարել է՝ իշխանության միակ ընդդիմությունն է: Համամի՞տ եք այս հայտարարությանը:

ՀՀԿ-ն քանի՞ լոզունգ է ներկայացրել, ու քանի՞սն են կյանքի կոչվել: ՀՀԿ-ն այն ուժն է, որը պետք է արգելվեր երկիրն աղետի առաջ կանգնեցնելու եւ ապրիլյան պատերազմ առաջացնելու համար: Այլ երկրում նման կուսակցությունը կինքնալուծարվեր, կամ գոնե շեֆին կփոխեին: Իսկ մեզ մոտ ուղղակի  ՀՀԿ-ն մի քանիսին հեռացրեց:

Ձեր կուսակիցներից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվողներ կա՞ն: 

Այո՛, 5-ական թեկնածու ունենք: Մենք դեմ ենք հակապետական այս օրենքին, բայց  փորձում ենք օգտակար լինել մեր պետությանն ու ժողովրդին:

Կուսակցության գործունեության համար ֆինանսներ են պետք:  Ձեր ֆինանսավորման աղբյուրը ո՞րն է: 

Իմ ֆեյսբուքյան էջում գրել եմ, որ դիմում եմ աշխարհի բոլոր հայերին: Ես իմ ընկերներով, համախոհներով կգնամ քաղաքականություն, եթե դուք ձեզ վրա վերցնեք որոշակի պարտավորություն: Ստացվում է, որ Հայաստանի ժողովուրդը, որն ունի ֆինանսական հնարավորություն, առանց որեւէ պարտքի պետք է օժանդակի քաղաքական կառույցներին, իսկ քաղաքական կառույցներն էլ առանց պարտավորության պետք է ծառայեն պետությանը:

Սոնա Դավթյան