AraratNews.am-ի զրուցակիցն է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված քաղաքագետ Հայկ Սուքիասյանը:
Պարո՛ն Սուքիասյան, առաջին անգամ հայտ եք ներկայացրել մասնակցելու ԱԺ ընտրություններին: Նոր իրավիճակ երկրում, նոր կուսակցություն, Դուք էլ՝ նոր մարդ: Ինչպե՞ս կայացրեցիք նման որոշում:
Որոշումը կայացվել է Հայաստանի քաղաքական կյանքի առողջացումից, այսինքն՝ թավշյա հեղափոխությունից հետո: Պարզ է, որ հիմա արդեն հնարավոր է և պարտադիր է անցկացնել օրինական ընտրություններ, իսկ այստեղ արդեն առողջ մասնակցությունը քաղաքական կյանքին և նոր ուժերի ի հայտ գալը կենսական պահանջ է: Իսկ Հայաստանի և հայ ժողովրդի կողոպուտը կազմակերպողները պետք է իջնեն քաղաքական թատերաբեմից:
Մարդիկ Ձեզ չեն ճանաչել, սակայն վերջին օրերի քարոզարշավից հետո սկսել են խոսել Ձեր և Ձեր թիմի մասին: Կարո՞ղ ենք համարել, որ այս քարոզարշավը նաև Ձեզ ճանաչում է բերում:
Մեր մասնակցությունը ընտրություններին և քաղաքական կյանքին անանձնական է: Մենք չունենք ճանաչվելու կամ չճանաչվելու խնդիր: Կուսակցության ներկայացուցիչների հիմնական հատվածը իրենց բնագավառներում ճանաչված մարդիկ են: Մենք մասնակցում ենք ընտրություններին, քանի որ ունենք Հայաստանի արդիականացման ծրագիր և ռազմավարություն: Բայց ես ուզում եմ շեշտել, որ մեր մշակումները գիտության, տվյալ դեպքում՝ առաջին հերթին քաղաքագիտության շրջանակներում են: Մենք հենց այնպես ոչինչ չենք խոսում, ոչ էլ մեզնից բաներ ենք հնարում:
Իսկ չճանաչված լինելը քաղաքական կյանքում այս պարագայում ավելի լավ է, քանի որ հայ ժողովուրդը ճանաչվածներին անգիր գիտի. դրանք այն մարդիկ են, ովքեր Հայաստանը կանգնեցրել են այս աղետի առաջ: Ես առաջարկում եմ մեր ժողովրդին ձայն չտալ նախկին դեմքերին, 150 հատ փողկապ ունեցողներին, չզարգացած և չծերացող դեմքերին: Ընտրե՛ք Հայաստանի համար նոր և «չճանաչված» ուժերին, որպեսզի դուք ունենաք առողջ և զարգացող կյանք:
Դուք ի՞նչ եք առաջարկում ընտրողին, որ մյուս կուսակցությունները չեն առաջարկում:
Մենք Հայաստանի կյանք ենք բերելու իրական գիտությունը և պետությունը ղեկավարելու ենք բնական օրինաչափություններով: Մենք քաղաքականացնելու ենք ընտրությունները և առաջարկելու ենք գաղափարական պայքար, ինչը 1996 թ.-ից հետո չի եղել: Եվ պարզվում է, որ 1996 թվականում մնացածները և դրանց սիրահարները, որոնք դարձել են քաղաքական աղանդներ, դեռևս խռխռում են:
Մենք գնում ենք գաղափարական և կոնցեպտուալ պայքարի: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը վստահ է, որ դասական ազատական տնտեսական հարաբերությունները Հայաստանին ոտքի կանգնեցնել չեն կարող, և մենք առաջարկում ենք լիբերալիզմի չափավոր տեսակը՝ օրդոլիբերալիզմը, որի շրջանակներում էլ առաջարկում ենք սոցիալական շուկայական տնտեսության հայեցակարգը: Պետությունը պետք է վարի պրոտեկցիայի քաղաքականություն սեփական արտադրողների համար: Ներկրող դասակարգը պետք է չափավորվի, և պետք է զարկ տրվի ներքին արտադրողական ուժերի, հատկապես՝ արդյունաբերության զարգացմանը: Ներկրումը սպանում է ներքին արտադրողական ուժերին: Իսկ լիբերալ շուկան իրենց համար այդ հնարավորությունները ապահովում է: Հետևապես մենք առաջարկում ենք չափավոր լիբերալիզմը՝ օրդոլիբերալիզմը, որտեղ պետությունը ունի բացառիկ դեր իր ներքին շուկան պաշտպանելու առումով:
Ի՞նչ շանսեր ունեք Դուք: Ի՞նչ եք կարծում՝ կլինեք հաջորդ խորհրդարանում:
Չգիտեմ, դժվար է ասել՝ կլինե՞նք, թե՞ ոչ: Դա որոշում է ՀՀ քաղաքացին: Այն, որ հաղթելու է հեղափոխական ուժը, դա պարզ է, և ես ինքս դա ուզում եմ որպես մասնագիտությամբ քաղաքագետ:
Իսկ մենք կանցնենք՞, թե՞ ոչ՝ ինձ թվում է այսպես է. եթե խորհրդարան չի անցնելու այն ուժը, որը ներկայացնում է հայ ժողովրդի դարերի մշակույթը և քաղաքակրթությունը և բազավորված է դրա վրա, եթե քաղաքականության մեջ չեն լինելու մասնագիտությամբ քաղաքագետներ, ապա ո՞ր ուժերը պետք է լինեն:
Ես հավատում եմ մեր ժողովրդի առողջ բնազդներին և իմաստնությանը և ենթադրում եմ, որ նա կպաշտպանի իր քաղաքակրթությունը պաշտպանող քաղաքական ուժին:
Ո՞ր ուժերը կլինեն գալիք Ազգային ժողովում՝ ըստ Ձեզ: Ու ինչո՞վ կտարբերվի գալիք խորհրդարանը նախորդից:
Այս առումով որոշակի կանխատեսում կարող եմ անել երեք-չորս օրից, երբ քաղաքական պայքարը որոշակի փուլ կմտնի: Այս պահին դժվար է կանխատեսում անել:
Բայց այն, որ Հայաստանի անցյալը ներկայացնող և հայ ժողովրդին արտագաղթի մղած ուժերը չեն անցնելու և չպիտի անցնեն, դրանում կասկած չունեմ: Իհարկե ռեյտինգային կոչված այս հակաքաղաքական և հակապետական, նաև հակաժողովրդական համակարգը դրանց ռեանիմացիայի հնարավորություններ է տալիս, բայց ես կրկնում եմ՝ ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը. նա իրեն աղքատության և անիրավվածության հասցրած ուժերին ձայն չի տալու:
Ի՞նչ մաղթանք ունեք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին և ընտրողներին:
Մեր ընտրողներին մաղթում եմ օրինական ընտրություններ, որոնք պիտի լինեն Հայաստանի արդիականացման և հայ ժողովրդի մշակութային և քաղաքակրթական թռիչքի հիմքը:
Հարություն Մկրտչյան