տուն Լուրեր Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ. Արթուր Ավագյան

Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ. Արթուր Ավագյան

277
0

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանի հետ Araratnews.am-ը զրուցել է կուսակցության դիրքորոշման, խորհրդարան անցնելու շանսերի և ծրագրերի մասին:

Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Ես կուսակցության հիմնադիր անդամ եմ, և գործող Ընտրական օրենսգիրքն ուղղակի տարբերակ չէր թողնում, քան ռեյտինգային կարգով առաջադրվելը: Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, թեկնածուներն ընտրվում են կուսակցության հիմնադիր անդմների կողմից, և ես ընտրվել եմ, 8-րդն եմ ցուցակում:

Որո՞նք են լինելու այն առաջնային խնդիրները, որոնց ուշադրություն եք դարձնելու:

Կոնկրետ ինձ համար առաջնային են առողջապահությանը վերաբերող խնդիրները, մասնավորապես, էկոլոգիական հիվանդություններին վերաբերող, որպեսզի քաղաքացիներն իրենց սոցիալական վիճակով պայմանավորված ստիպված չլինեն հերթ կանգնել պետպատվերների և լավ առողջապահական համակարգ ունեցող երկրների դեսպանատների հերթերում: Առաջնային են նաև կրթական խնդիրները: Ես երկու նախադպրոցական և երկու դպրոցական տարիքի երեխա ունեմ և մերօրյա ռեժիմով առնչվում եմ այդ խնդիրներին: Ինձ համար առաջնահերթը կրթություն և առողջապահությունն են, այդ ծրագրերն են:

Իսկ այս բնագավառներում ունեցած ձեր պատկերացումները մոտ ապագայում իրատեսակա՞ն եք համարում:

Այո՛, մենք մեր անելիքների մասով ներկայացրել ենք կետառկետ կուսակցության նախընտրական ծրագրում, և այնտեղ ոչ մի բարեմաղթանք չկա: Կոնկրետ էկոլոգիական հիվանդությունների մասով, պետության մասնակցությամբ ապահովագրական համակարգի ներդրմամբ 3-5 տարում մենք իրատեսական ենք համարում դրանց հասնել:

Իմիջիայլոց, մեր թռուցիկներում մի հավելված կա՝ մասնավորապես փակուղային պայմաններում պատրաստ ենք վայր դնել մանդատները, վերադառնալ փողոց՝ շարունակելու հեղափոխության հռչակած ճանապարհը: Այսինքն՝ մեզ համար նպատակ չի եղել Ազգային ժողովում հայտնվելը: Ազգային ժողովում հայտնվելը մենք դիտարկում ենք որպես միջոց մեր օրակարգն իրականացնելու համար: Մենք մինչև այդ էլ շատ հարմարավետ ենք զգացել փողոցում պայքար տանելով, իսկ ցուցակում ներառված մարդիկ ինքնաբավ են, և պատգամավորական աշխատավարձը հաստատ շատ ավելի ցածր է, քան նրանց եկամուտները:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանում հայտնվելու Ձեր շանսերը:

Շատ բարձր:

Ինչո՞վ է պայմանավորված այդ վստահությունը:

Վստահությունը պայմանավորված է սոցիալական արդարության համար տարիների մղված պայքարով, մեր ներկայացրած ծրագրի՝ տարբերվելու հանգամանքով:

Տարբեր քաղաքական ուժերի և փորձագետների կողմից դեռ հնչում է այն մտահոգությունը, որ այս անգամ էլ քաղաքացիներն ընտրություն կկատարեն ոչ թե ըստ ծրագրերի, այլ ըստ անձերի: Ինչ եք կարծում, Ձեր պարագայում ընտրողը, անկախ այն հանգամանքից ճանաչում է Ձեզ, թե ոչ, ավելի մեծ ուշադրություն կդարձնի՞ Ձեր ներկայացրած ծրագրերին:

Մենք մինչև հեղափոխությունը հրապարակել էինք մեր քաղաքական օրակարգը, որոնցից երկուսը հենց «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունն էր և Ընտրական օրնսգրքի փոփոխությունը, այսինքն՝ առհասարակ ընտրական համակարգի փոփոխությունը: Եվ, բնականաբար, եթե մենք հին ընտրական խայտառակ համակարգով գնում ենք ընտրությունների, մենք ստիպված ենք լինելու որոշակի առումով մի կողմ դնել բովանդակային բանավեճերը: Բայց մենք ամեն ինչ անելու ենք հենց առաջին օրվանից,  որ ամբողջ դիսկուրսը բերենք ծրագրային և բովանդակային դաշտ:

Ո՞ր քաղաքական ուժին եք սատարելու:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողքին ենք լինելու միշտ: Մենք չենք էլ պատկերացնում՝ ինչ է նշանակում ընդդիմություն կամ դիմություն, մենք ունենք մեր քաղաքական դիրքը, մեր պատկերացումները, մասնավորապես, պետության սոցիալական պատասխանատվության սահմանների հստակ ընդգծված լինելու տեսանկյունից, և բոլոր այն քաղաքական ուժերը և անհատները, ովքեր կկիսեն մեզ հետ մեր արժեքային համակարգը, կլինենք իրենց հետ, ոչ մեկին ո՛չ մերժում ենք, ո՛չ՝ ընդունում: Կուսակցությունը ստեղծվել է գաղափարական հենքի վրա, դրա մասին է վկայում նաև մեզ մոտ ակնհայտ լիդերի բացակայությունը: Մենք կուսակցությունը ստեղծել ենք հենց այն ֆորմատով, որ երկար տարիներ մտածել ենք, թե ինչպիսի՛ն պետք է լինի  կուսակցությունը:

Այսինքն՝ հստակ որոշում չկա՝ խորհրդարանում ո՛ր թևում եք լինելու՝ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր:

Դա որոշման հարց չէ, մենք բերում ենք մեր օրակարգը, մենք գալիս ենք մեր ծրագրերով և այն քաղաքական ուժերը, ովքեր մեզ հետ զուգահեռ կգնան և կկիսեն մեզ հետ մեր արժեհամակարգը, մեր ծրագրերը, մենք կլինենք միասին: Ցանկացած ուժ, որը կհայտնվի մեր ճանապարհին, մեր ծրագրերի հետ կխաչվի, այդ պահին մենք կընդդիմախոսենք, բայց ընդդիմախոս ենք ինչին: Ենթադրենք իշխանություն մենք չենք կազմում, փոքրամասնություն ենք լինում ու իշխանական թևը բերում է հասարակական կյանքը բարելավող օրինագիծ, ինչին ընդդիմանանք: Նախկինում այդպես է եղել, ընդդիմության դերը բառացիորեն ցանկացած նախագծի մերժելն էր, որը կբերվեր իշխանության կողմից:

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն արդեն ներկայացրել են իրենց ծրագրերը, այս փուլում հնարավոր չէ՞ որոշակի պատկերացում կազմել, թե ո՛ր քաղաքական ուժերի ծրագրերն են համընկնում Ձեր պատկերացումներին:  

Մեր ծրագրերի հիմքում ընկած է սոցիալական բաղադրիչը: Հիմնականում մասնակից ուժերը ազատական լիբերալ մոտեցումներ ունեն: Մեր մոտեցումը հետևյալն է, որ պետության ներգործության միջոցով պետք է հասարակության թույլ անդամներին ապահովի նվազագույնը իրենց կյանքի իրավունքը, բնական իրավունքները՝ կրթություն, առողջապահություն: Մարդը սոցիալական վիճակով պայմանավորված անհասանելի չլինի իր իրավունքների իրացմանը: Նման դիրքորոշում ոչ մի կուսակցության մոտ չեմ տեսել, բայց հնարավոր է՝ հասցրած չլինեմ մնացած տասը ուժերի ծրագրերին ծանոթացած լինել, որովհետև զբաղված էինք նախընտրական քարոզարշավին պատրաստվելով, և ծրագրերն էլ հրապարակվել են մեկ-երկու օր առաջ: Այնպես որ, ամբողջությամբ չեմ տիրապետում, բայց գոնե ծանոթ եմ քաղաքական ուժերի հայացքներին:

Միջազգային հարաբերություններում ի՞նչ տեսլական ունեք, մասնավորապես, ՀԱՊԿ-ի մասով, որի վերաբերյալ քննարկումները վերջերս բավականին բուռն էին:

Արտաքին քաղաքականության մեջ մենք հիմնական գաղափարը կառուցում ենք երկու հանգամանքի վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահն է և միջազգային պայմանագրերով, համաձայնագրերով  Հայաստանի Հանարապետության ստանձնած պարտավորությունները:

Ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացին ընտրի Ձեզ:

Հանուն սոցիալական արդարության:

Մանդարինն էինք ընտրել որպես խորհրդանիշ, ինչո՞ւ:

Մանդարինն իր ամբողջական տեսքով համախմբման, միասնականության և թարմության գաղափար ունի, նաև բարիքի արդար բաշխման, այսինքն՝ չի լինի դեպք, երբ դուք մանդարինը հանկարծ մաքրեք, ձեր կողքին լինի մարդ, ու դուք այն չկիսեք նրա հետ: