Երկու օր առաջ Սինգապուրի Հանրապետությունում Ասիական Զարգացման Բանկի կողմից «Առևտրի խթանման» ծրագրի շրջանակներում ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ՀԱՅԷԿՈԲՈՆՈՄԲԱՆԿ-ին հերթական անգամ շնորհվեց «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» տիտղոսը, որին Բանկն արժանանում է արդեն երրորդ տարին անընդմեջ:
— Երկար տարիներ աշխատում եք ՀԱՅԷԿՈԲՈՆՈՄԲԱՆԿ-ում և ներկայումս էլ հանդիսանում եք Բանկի միջազգային և զարգացման գծով գործադիր տնօրենի տեղակալը, ինչպե՞ս կգնահատեք միջազգային կառույցների հետ Բանկի ծավալած գործունեությունն ու Բանկի զարգացման գործում նրանց դերը:
— ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն իր ստեղծումից ի վեր մեծապես կարևորել է Բանկի զարգացման ճանապարհին միջազգային ֆինանսական կառույցների ակտիվ դերն ու աջակցությունը և իր ռազմավարության հորիզոնում է պահել նմանատիպ ինստիտուտների կողմից իրականացվող տարատեսակ ծրագրերին մասնակցությունը՝ ձևավորելով գործակցության համարժեք փորձ և հմտություն: Դրա մասին է փաստում, ի դեպ, երկու օր առաջ Սինգապուրի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի կողմից «Առևտրի խթանման» ծրագրի շրջանակներում ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ մեր բանկին հերթական անգամ «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» տիտղոսի շնորհումը, որին Բանկն արժանանում է արդեն երրորդ տարին անընդմեջ:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա ըստ իս, Բանկի միջազգային ոլորտն ամենազգայուն և ամենօրյա հետևողականություն պահանջող ոլորտներից է, և ժամանակին համընթաց քայլելու համար մենք խորապես գնահատում ենք ինչպես առաջնակարգ միջազգային ֆինանսական կառույցների, այնպես էլ նորագույն տեխնոլոգիաները ներկայացնող հեղինակավոր ընկերությունների հետ ամուր գործակցության, նրանց փորձը ճիշտ օգտագործելու և նրանց կողմից իրականացվող վերապատրաստման ծրագրերին շարունակաբար մասնակցելու գործոնը:
— Ապագայի ի՞նչ պլաններ ունի ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը միջազգային կառույցների հետ աշխատանքում:
— Ինչպես նախորդ տարիներին, այս տարվա առաջին իսկ եռամսյակից Բանկն ակտիվորեն ներգրավված է եղել տարբեր միջազգային կառույցների հետ երկխոսություններում, որի արդյունքները մենք կկարողանանք հանրությանը ներկայացնել մոտ ապագայում:
Առհասարակ, պահպանելով մեր ավանդական գործընկերների հետ սերտ գործակցության դրական դինամիկան` մենք միշտ բաց և պատրաստ ենք նոր հարաբերությունների, նոր առաջարկների, գաղափարների ու ծրագրերի քննարկման համար՝ նորամուծությունները համարելով զարգացման կարևորագույն նախապայման:
— Բացի միջազգային ծրագրերից, զարգացմանն ուղղված ի՞նչ նորություններով Բանկը կներկայանա այս տարվա վերջին եռամսյակում:
— Մինչև տարեվերջ բանկը նախատեսում է ավարտին հասցնել մի շարք կարևոր նախագծեր, ինչպիսիք են Mobile Banking ծառայությունը, Internet Banking-ի նոր թարմացված տարբերակը, CashBack ծառայության համալրված ցանկը՝ ավտոմատացման նոր լուծումներով և մի շարք նոր տեղական ու միջազգային վճարային համակարգերի ինտեգրման գործընթացները:
Կցանկանայի առանձնացնել նաև տարածքային ներկայացվածության ուղղությամբ տարեսկզբից Բանկի կողմից իրականացված լուրջ քայլերը նոր մասնաճյուղերի բացման առումով: Ընթացիկ տարվա մեջ մենք գրանցեցինք Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` թվով երկրորդ` «ԿՈՏԱՅՔ», Սյունիքի մարզի Կապան քաղաքում առաջին՝ «ԿԱՊԱՆ» և մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում առաջին՝ «ԴԱՎԹԱՇԵՆ» մասնաճյուղերի գործարկումները: Շատ շուտով արդեն կավարտենք «Ապագայի բանկ» նախագիծը՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում բացելով գերժամանակակից, հասարակության պահանջներին բավարարող սարքավորումներով հագեցած և շուրջօրյա ավտոմատ սպասարկման հնարավորությամբ «ՆԱՆՈ» մասնաճյուղը:
Այսպիսով, ներկայացվածության ընդլայնմանը զուգահեռ, մենք լուծում ենք մարքեթինգային նոր ձեռագրով ներկայանալու, մատուցվող ծառայությունների օպտիմալացման, ինչպես նաև մասնաճյուղերի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը:
Մեր առաջիկա ծրագրերում անմասն չեն մնա նաև Բանկի ռիսկերի կառավարման կանխարգելիչ միջոցառումների, ներքին հսկողության պահանջների կատարման և բարելավման, ինչպես նաև կորպորատիվ կառավարման զարգացման և բանկի անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացմանը միտված՝ մեզ համար անչափ կարևոր քայլերը: