տուն Լուրեր Հարցազրույց Ալբերտ Մկրտչյանի հետ

Հարցազրույց Ալբերտ Մկրտչյանի հետ

244
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախորդ գիշեր կյանքից հեռացավ սիրված ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը: Ararartnews.am-ը 2015 թվականին հարցազրույց էր վարել անվանի ռեժիսորի հետ, որը ներկայացնում ենք ի հիշատակ սիրված գործչի:

 

Անուն                            Ալբերտ  Մկրտչյան

Ծննդավայր               Հայաստան, Գյումրի (1937թ.)

Աշխատանք               ռեժիսոր

 

— Ի՞նչ արեցիք, Ալբե՛րտ Մուշեղիչ: Ինչպիսի՞ կյանք ապրեցիք:

—  Խելառ: Եվ շարունակում եմ ապրել այդպես…

— Ռեժիսորը մասնագիտությու՞ն է , թե՞ բնավորություն:

— Ռեժիսորն ամեն ինչ է՝ և՛  մասնագիտություն, և՛ բնավորություն: Բայց ամենակարևորը, եթե մարդ  իր  կյանքում տեսնում է որևէ  էպիզոդ,  մարդկային  փոխհարաբերություն, որը իմպուլս է  տալիս իրեն՝  դա  վերածելու  ֆիլմի, ապա նա ռեժիսոր է:

— Մի  առիթով  ասել եք,  որ եթե  մարդը  համոզվում է  կամ իրեն  համոզում  է,  թե  ինքը  տաղանդավոր է,  ապա  նա ողբերգություն  է  ապրում:  Դու  անո՞ւմ ես այն,  ինչ  քեզ  է հուզում:

Ինձ  հետաքրքրում է՝  ի՞նչն է  ամենից  շատ  հիմա Ձեզ  անհանգստացնում, կամ  ամենամեծ  հուզմունքը,  որ ապրել եք  Ձեր  կյանքում,  սակայն  դեռ  չեք  անդրադարձել:

— Գիտեք,  ինձ  համար  գոյություն  չունի  ամենամեծ  հուզմունք  կամ ամենափոքր  հուզմունք,  ես  էմոցիոնալ  անձնավորություն  եմ,  և  ամենափոքր  հարցերից  մինչև ամենամեծ  հարցերը  ինձ  կարող են  հուզել:  Պետք է անկեղծ  լինես  ինքդ  քեզ  հետ ու ժողովրդի  հետ, մանկական  անկեղծություն  պետք է  ունենաս,  որոնցից էլ  ծնվում  են  իմ ֆիլմերը: Օրինակ` «Մեր  մանկության  տանգոն»։ Դա  իմ  մանկության  տարիների  տեսած,  ապրած,  զգացած  էմոցիաներն  է, որ իմ  ձեռքերի,  արյան  միջով  եկել  հասել է  սրտիս, ապա,  տարիներ  հետո,  վերածվել  ֆիլմի:  Եվ  պատահական  չէ,  որ  Վենետիկի  միջազգային փառատոնում՝ աշխարհի առաջնակարգ,  լավագույն  փառատոներից  մեկում,  երկու  մրցանակ շահեց՝ Ոսկե գավաթ և Լավագույն կին-դերակատար.  Գալյա Նովենցին   համեմատեցին  աշխարհահռչակ  Աննա Մանյանիի հետ:

11834745_924085084320048_1729648375659265330_o

— Իսկ  այն  զգացողության,  երևույթի  մասին,  որ  դեռ  չեք  արտահայտել,  չեք  նկարել:  Կա՞  մի բան,  որ  հիմա  Ձեզ  անհանգստացնում  է:

— Այսօր  ինձ  վրա  շատ  բաներ  են  ազդում, շատ  տարբեր. օրինակ`   մեկը,  թե ինչու այսօրվա  մեր  հասարակությունը, ավագ  սերունդը  չի  միանում  երիտասարդությանը:  Հոգնած  սերունդ է.  երբ երիտասարդները  որևէ  հարց են  բարձրաձայնում, աղաղակում՝  մեծահասակները  հեռվից  նայում  են։ Դիսոնանս է, և  այդ  իմաստով  ես շատ  հարգում,  գնահատում  եմ  մեր  երիտասարդությանը, որովհետև  ազատ են  ու  համարձակ:

Հիմա  ինձ  հանգիստ  չի տալիս  մի  հարց.  արդյոք  դա կարելի է վերածել  ֆիլմի։  Դեռ  ես  չեմ  գտել  ամենակարևորը  այդ  պատմության  մեջ, որպեսզի  սկսեմ  սցենարը գրել, գրել  և  հասնել  այն  նպատակին,  որի  համար  ես  հուզվում  եմ: Առանց  իմ  հուզմունքի,  էմոցիոնալ  ապրումների  ոչինչ  չի  ստացվի:  Հիմա  ես աշխատում  եմ  Ս.  Սարգսյանի  «Լակոտը»  վիպակի  համանուն ֆիլմի  վրա, որի  30% -ն արդեն  նկարվել  է, սակայն  ֆինանսավորման  բացակայության  պատճառով  դադարեցվել է: Բայց  շատ  լավ  գործ  է,  հենց  իր  կյանքից  էլ  կան  դրվագներ, որ  աստիճանաբար  բերում  կապում  եմ  մեր  օրերի,  այսօրվա  խնդիրների  հետ, լակոտը`  մեր  լակոտների, երեխաների  հետ: 

11855920_924085054320051_1844173109785155971_n

— Չապլինի հարցազրուցներից մեկում   նրան հարցրել են, թե ինչպիսի արվեստ է  կինոն.  այն հատուկ է  ընտրյալների՞ն, պատկանում է  միայն ինտելեկտուալ,  հատուկենտ  անձա՞նց,  թե՞  կինոն  պետք է  հասանելի լինի  լայն զանգվածներին,  բոլորին:

— Բոլորին, քանի որ  տեսնողը` տեսնում է, լսողը` լսում է, ընկալողը` ընկալում է: Մնացած  ամեն  ինչը սուտ է:

— Ի՞նչ  սկզբունքներով եք աշխատում  դերասանների  հետ:

—  Կա  դերասան և կա կերպար, և  պետք է դերասանը  վերապրի, վերարտադրի այդ կերպարին. մեկի մոտ  ստացվում է, մյուսի մոտ` ոչ:

— Դերասանն ինչպես հասկանա, որ դա իր  մասնագիտությունը չէ. եթե մի դեր չի ստացվում՝ ասում է՝ ոչինչ, այն մյուս դերը լավ կխաղամ։ Դա նորմա՞լ է:

— Դերասանը կամ ի վիճակի է խաղալու կամ ոչ, նայած, թե  ինչքանով է տվյալ  կերպարի  զգացմունքները, շարժուձևերը, դիալոգները  համապատասխանում  իրեն:  Այնքան  ժամանակ պետք է ուսումնասիրես,  տնտղես, ճանաչես,  փորձես, մինչև նույնանա, դառնա քո եսը։  Եթե  չանես դա, ապա չես կարող խաղալ, վերարտադրել այդ կերպարին: Եվ  Մհեր  Մկրտչյանը  ինձ  ասում էր  հետևյալը. «Կատուն,  մինչև  շատ  չխաղա  մկան  հետ՝  չի ուտի». սկզբից խաղում է, խաղում է՝  նոր  վերջում  ոտում:

11831677_924108417651048_2427024882217643924_n

— Ֆրունզի  հետ  եղաք  և՛  տանը,  և՛ աշխատավայրում,  և՛  դրսում:  Ինչպիսի՞ն էր  Ձեր  կյանքը  Ֆրունզի  հետ և նրանից  հետո:

-Հարցը  շատ  բարդ  է թվում,  բայց  ունի  շատ  պարզ  պատասխան` փոխվեց  կյանքս: Փոխվեց կյանքս  Սոսից  հետո: Փոխվեց  կյանքս  Խորիկից  հետո:  Ես  ամեն  շաբաթ  գնում  եմ Պանթեոն  և  ծաղիկներ  դնում  այդ երեքի  գերեզմանաքարերին, որովհետև  ամեն մեկից  ես մի բան  վերցրեցի,  և  դրանք  ոչ  թե  դպրոցական  դասեր  էին,  այլ  ձուլվեցինք,  մտանք  միմյանց  էության  մեջ:

— Գաղտնիք  չէ, որ կան, ունեք  անհամաձայնություններ Մհեր  Մկրտչյանի  ժառանգների հետ` թոռնուհու,  կնոջ:  Ի՞նչ  եղավ,  ի՞նչ  չի  ստացվում  կիսել:

— Այդ  հարցին ես չեմ  ուզում  պատասխանել, որովհետև …,  ոչ,  չեմ  ուզում  պատասխանել:

— Ի՞նչ  կանոն կամ  փիլիսոփայություն  ունեիք  պատանեկության  տարիներին,  որ  փոխվեց  հետո,  կամ այդպես  էլ  չփոխվեց:

— Պատանեկության  տարիներին  ես  շատ  ուժեղ  էի,  համարձակ, լիդեր  էի  իմ  ընկերների  մեջ: Կանոն  գոյություն  չունի  մարդու  համար. ով  ի ծնե  ազնիվ  է՝ ոչ  թե  մտածված,  այլ  իր  էությունն  է  այդպիսին։ Ով  գիտե  լիաթոք  ծիծաղել  ու  արտասվել՝  դա է  դառնում  իր  համար  կանոն: 

11782347_924085080986715_5877815199504750550_o

— Վերջին  տասը  տարիներին  նկարահանված  ֆիլմերից, որի՞ն եք  հավանություն  տալիս:

— Ո՞ր մեկը ասեմ,  հիմա պետք ա հիշողությունս  ծանրաբեռնեմ, չէ, ավելի  լավ է` ջնջի՛ր  այդ  հարցը:

—  Լավ, իսկ ի՞նչ կասեք այսօրվա  ֆիլմարտադրության մասին, հիմա  բոլորը  ֆիլմ են նկարում, բոլորը  ռեժիսորներ են:

— Հա, տեսնում եք` ի՛նչ է կատարվում, մեկ-մեկ այնպիսի բաներ են անում, որ… Բայց  ոչինչ,  թող  նկարեն՝ մեկ  էլ տեսար, էնքան  փորձեց,  մինչև  դարձավ  պրոֆեսիոնալ, հետո  մի  օր էլ  ֆիլմ  կնկարի  իր  վրա  ծիծաղողների  մասին  և  կդառնա  հայտնի  ռեժիսոր:

— Հաջողության է հասնում նա, ով…

— Ով  նվիրված է, սիրում է,  պաշտում է  իր  գործը,  և  որ  առանց  դրա  չի  կարող  ապրել,  նա  կհասնի  իր  նպատակին:

Մի  բան էլ ես ասեմ. «Աչքերդ կապույտ, երկինքն էլ կապույտ,
Չգիտեմ` երկինքը վա՞րն է, թե՞ վերը,
Ապշել է նույնիսկ երկինքը ինքը,
Չգիտի` ինքը վա՞րն է, թե՞ վերը»՝ ու՞մ խոսքերն  են:

— Պետք է որ Սահյանինը լինեն, բայց, զգում եմ, որ  այդպես չէ…

— Հովհաննես Շիրազ: 

11845179_924085064320050_5077475208367450927_o

. Եթե մարդ ազնիվ չէ, սիրտը մաքուր չէ, չսիրի  մարդկանց, եթե  բարի  չէ՝ ապա նա չի  կարող  լավ արվեստագետ  լինել:

. Եվ ես մի բան գիտեմ՝ իմ բնավորությունը, որ  եթե  ինձ  որևէ  բան  հուզեց, որևէ  գործ  ձեռնարկեցի՝ ապա  մինչև  վերջ  կգնամ:

. Ես ու  Ֆրունզը  երեխա  ժամանակ գնում էինք կարտոֆիլի  դաշտերը՝ հողից փորում, մնացած  կարտոֆիլները  հավաքում, բերում էինք տուն: Եվ  մի օր այդտեղ ռուս  զինվոր տեսանք՝  կանգնած սիգարետ էր ծխում , մեկ էլ` ռադիոյով ինչ- որ բան ասացին,  նա թափով  գցեց սիգարետը և վազեց: Ես չհասկացա, թե ինչ կատարվեց: Ֆրունզն  ասաց, որ  պատերազմ է սկսվել: Այդ  հողի հոտը  մինչև  հիմա իմ քթին է…

   11224365_924085057653384_313488014701321733_n                           

Հարցազրույցը` Ալիս  Մելիքսեթյանի

Լուսանկարները` Արշակ Աբովյանի