Հարավային Կորեայի նախագահ Փակ Կին Հեն «կործանման ուղի» Է համարել համաշխարհային հանրակցության հետ ԿԺԴՀ-ի դիմակայությունը, մասնավորապես, միջուկային եւ հրթիռային մշակումները խթանելու Փենյանի փորձերը:
Այդ մասին մարտի 15-ին հայտնել Է Ռյոնհապ լրատվական գործակալությունը:
«Եթե Հյուսիսային Կորեան շարունակի անխոհեմ սադրանքները, համաշխարհային հանրակցության հետ կոշտ դիմակայությունը եւ չգնա խաղաղության ճանապարհով, դա կհանգեցնի նրա կործանման»,- մեջբերում Է գործակալությունը Փակ Կին Հեի խոսքը:
Նույն օրն ավելի վաղ հյուսիսկորեական մամուլը հաղորդագրություն Է տարածել այն մասին, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել Է պատրաստվել մոտ ժամանակներս միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների նոր փորձարկումների:
Կորեական թերակղզում իրադրությունը սրվել Է հունվարի 6-ին ԿԺԴՀ-ում միջուկային զենքի չորրորդ փորձարկումից եւ փետրվարի 7-ին արբանյակով հրթիռի արձակումից հետո, որը կարող Է օգտագործվել մինչեւ 12 հազար կիլոմետր հեռավորության վրա միջուկային հարված հասցնելու համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջերս խիստ պատժամիջոցներ Է ընդունել ԿԺԴՀ-ի դեմ՝ սահմանափակելով նրա արտաքին տնտեսական կապերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: