Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին քննարկումները Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Հանդիլովի հետ հանդիպմանը ներկայացնելը կոռեկտ չէր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հարցին՝ ճի՞շտ է, որ Հայաստանի հետ նույն անվտանգային բլոկում գտնվող երկրի ղեկավարը Հայաստանի հակառակորդ երկրի ներկայացուցչի հետ քննարկում է ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանեց.«Բնականաբար, այս զարգացումն ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակներում դեռևս նման զարգացումների վերաբերյալ քննարկումների կարիք կա: Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու»:
Տեղեկացնենք, որ Բելառուսի նախագահը Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել էր՝ պատրաստ են ՀԱՊԿ-ի քարտուղարի համար թեկնածու առաջադրել: