Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության մասնաշենքը՝ նախկին «Երևան ստուդիա»-ի շենքը, 2013 թվականին գրավադրվել է բանկում, որի դիմաց ներգրավված վարկի ծավալը կազմել է 1,8 մլրդ դրամ։ Թեմայի շուրջ «Հետքի» հարցումներին ի պատասխան՝ Հանրային հեռուստաընկերությունից հաջողվեց պարզել, որ հեռուստաընկերությունը շենքը գրավադրել է «Արդշինբանկում»։ 1,8 մլրդ դրամ վարկը տրամադրվել է տարեկան փաստացի 10% տոկոսադրույքով։ Վարկի մարման ժամկետն ավարտվում է 2020 թվականին։
Ստացված վարկի ամենամեծ մասը՝ 825 մլն դրամը, ըստ հեռուստաընկերության, ուղղվել է նկարահանման թվային տեխնիկայի, անվտանգության համակարգի և ավտոմատ հեռախոսակայանի ձեռքբերմանը։
337,5 մլրդ դրամն ուղղվել է հեռուստաընկերության շենք-շինությունների հիմնանորոգման շինարարական աշխատանքներին։
Նոր հեռուստահաղորդումների, վավերագրական ֆիլմերի, հեռուստանովելների և այլն կոնտենտի արտադրության համար ծախսվել է 226 մլն դրամ։ Եվ 135,5 մլն դրամ էլ ուղղվել է հաղորդումների դեկորացիաների ձեռքբերմանը։
Իսկ մնացած 276 մլն դրամը մինչ 2013 թվականը Հանրային հեռուստաընկերության կողմից ներգրավված վարկային միջոցների վերաֆինանսավորմանն է ուղղվել, ինչպես հեռուստաընկերությունից են հավաստիացնում, առավել ցածր տոկոսադրույքով։
Հանրային հեռուստաընկերության 2013 թվականի հաշվետվության մեջ նշում չկա շենքի գրավադրման և ստացված վարկի մասին
Հանրային հեռուստաընկերության եկամուտների գլխավոր աղբյուրը պետական բյուջեն է, այսինքն՝ հարկ վճարող քաղաքացիները։ Հեռուստաընկերության 2013 թվականի ֆինանսատնտեսական հաշվետվության մեջ փորձեցինք գտնել տեղեկություններ ինչպես ստացված եկամուտների, այնպես էլ՝ լրատվական ծառայության շենքի գրավադրման ու ստացված գումարների մասին։
2013թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ, որը հրապարակվել է Հանրային հեռուստառադիոխորհրդի պաշտոնական կայքում, հեռուստաընկերության ֆինանսատնտեսական գործունեություն բաժնում նշված է, որ Հանրային հեռուստաընկերությունը 2013 թվականին իր գործունեությունն ապահովել է ՀՀ պետական բյուջեից ստացված դրամաշնորհի, առևտրային գովազդից և հովանավորությունից, սեփական արտադրության տեuաշարային, ձայնաշարային և տեuաձայնաշարային նյութերի վաճառքից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված եկամուտների հաշվին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում