ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ քաղաքական կուսակցությանը ձեռնտու է միակենտրոն ղեկավարությունը, ուստի դրանից պետք է հեռանալ և պետական մտածողությամբ ընթանալ։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների գործընթացին: «Եթե խոսքը վերաբերում է ՀՀԿ-ին, ցանկացած դիրքերում էլ շահեկան պայմաններում այսօր Հանրապետականն է՝ թե՛ նույնը թողնելով, թե՛ լրիվ նախագահական դարձնելով»-ասաց ԱԺ նախագահը:
Դիտարկմանը, թե այսինքն՝ միևնույնն է, էլի իրե՞նք են հաղթելու,Գ.Սահակյանը պատասխանեց. «Դա հաղթանակ չէ, դա արդյունքների ձեռքբերում է, որովհետև հիմնականում մենք ենք կարողացել զբաղվել խնդրով այն առումով, որ ընտրությունների ընթացքում կցկտուր շտաբներ են բացում, դրանից հետո մոռանում են ժողովրդին՝ օգտագործելով Ազգային ժողովի ամբիոնը, Ազատության հրապարակը։ Հիմա էս մոդելով դրա կարիքն էլ չի լինելու»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե քանի որ պտուղները ՀՀԿ-ն է քաղելու, արդյունքները իրենք են ձեռք բերում, սա չի՞ նշանակում, որ Սահմանադրությունը հենց ՀՀԿ-ի համար է փոխվում, ինչի մասին այդքան խոսվում է, Գալուստ Սահակյանը պատասխանեց․ «Ես ասում եմ՝ նույնիսկ, եթե մնար նույնը, էդ պտուղները այս Սահմանադրության փոփոխությամբ չի, որ պիտի արդյունավետ լինեն»։
Ըստ Սահակյանի՝ եթե Սերժ Սարգսյանն էլ չլինի նախագահ, մի ուրիշ հանրապետական կլինի․ «Փորձում են վարկաբեկել՝ իբրև թե գլխավոր մի բոբո կա հանրապետությունում, և նրանից պիտի ազատվել։ Ես էլ ասում եմ՝ ցույց տվեք որևէ մեկին, ով կենսագրական այնպիսի արարումներ ունենա դերակատարման ընթացքում, քան մեր նորանկախ Հայաստանում է։ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը, դեմ չեմ, նրանք էլ բավականին դերակատարում են ունեցել և կարող էին ունենալ, բայց եկեք տեսեք, որ այս պահին նրանք էլ համապատասխան թիմ չունեն»։
Ստացվում է՝ ՀՀԿ-ի համար խաղ չկա՞։ «Ոչ, Հանրապետականի դեմ միշտ խաղ կա։ Այդ խաղի կանոնները մենք այնպես ենք դրսևորում, այնպես ենք տանում, որպեսզի խաղ լինի։ Դրա համար հաջորդ խորհրդարանում որևէ օրինագիծ, որը ռազմավարական և սահմանադրական օրինագծեր են, առանց ընդդիմության հնարավոր չէ առաջ տանել»,-եզրափակեց Գ.Սահակյանը: