Պետք է այնպես անենք, որ իրավիճակը լինի բոլորին հասկանալի՝ իր բոլոր նրբություններով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրություններին իր հրաժարականով հասնելուն:
«Երբ մենք ասում ենք հրաժարական, մենք ասում ենք, որ զուտ իրավական ընթացակարգերն իրականացնելու համար, դե յուրե հրաժարական է տրվում և դե ֆակտո հրաժարական չի տրվում: Այսինքն՝ այստեղ ի՛նչն է նրբությունը: Ես հիմա տեսնում եմ, որ շատ մեծ հանրային դժգոհություն կա դրա կապակցությամբ, և հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ես չեմ ուզում մենք նմանվենք այն իշխանություններին, որից երկար տարիներ հանրությունը պահանջում է հրաժարական տալ, և նրանք համառորեն հրաժարական չեն տալիս, հիմա էլ եթե հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, և իշխանությունը համառորեն հրաժարական է տալիս: Պետք է այնպես անենք, որ իրավիճակը լինի բոլորին հասկանալի՝ իր բոլոր նրբություններով, իհարկե, քավ լիցի, ես հասկանում եմ, որ չպետք է անեմ որևէ գործողություն, որը ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ կդնի, բայց մյուս կողմից՝ մենք պետք է անպայման արտահերթ ընտրություններ անենք, որպեսզի ի վերջո այս բարիկադային ռեժիմից անցնենք առօրյա աշխատանքայինի և կոնկրետ արդյունքներ արձանագրենք»,- նշեց վարչապետը:
Ինչ վերաբերում է հանրապետականների այն տեսակետին, եթե արտահերթ ընտրություններ լինեն մայիս ամսին, իրենք կհամաձայնեն թեկնածու չառաջադրել, բայց եթե լինի դեկտեմբերին, չեն բացառում, որ թեկնածու կառաջադրեն, վարչապետը նշեց. «Դա նշանակում է, որ իրենք շարունակում են քաղաքական իրավիճակը չհասկանալ: Այսինքն՝ նրանք մի կողմից ասում են, որ հանդուրժողականության մթնոլորտ են ակնկալում, բայց ամեն ինչ անում են, որպեսզի հանրությունը շարունակի իրենց չհանդուրժել, ու սա կարծում եմ՝ ճիշտ ճանապարհը չէ: Ես կոչ եմ անում ուղղակի այդ ռեժիմից դուրս գալ, որովհետև չի կարելի անընդհատ տպավորություն ստեղծել, որ կա քաղաքական ուժ, որի նպատակն է խանգարել ժողովրդին, խանգարել պետությանը, խանգարել երկրի առաջ ընթանալուն: Կարծում եմ, որ դա լավ դերակատարում չէ, և կոչ եմ անում մեր հանրապետական գործընկերներին՝ ուղղակի դուրս գալ այդ դերակատարումից»: