տուն Լուրեր Հանկարծամահ է եղել Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը

Հանկարծամահ է եղել Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը

96
0

00048

Մայր Աթոռ Ս. Էջմիածնից հայտնում են, որ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդարանից և Կիևի հայ համայնքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկացվել է, որ մարտի 7-ին Խարկով քաղաք (Ուկրաինա) կատարելիք այցի ընթացքում հյուրանոցում հանկարծամահ է եղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի երիցագույն միաբաններից Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը:

«Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հավատավոր զավակների համար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես ցավում և սգում են բարեհիշատակ Գրիգորիս Սրբազանի վախճանը:

Սրբազան Հոր հուղարկավորության հետ առնչված անհրաժեշտ տեղեկությունները կհաղորդվեն առաջիկային:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,–ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

 

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

 

Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը (ավազանի անունը՝ Գրիգոր) ծնվել 1946թ. Հայաստանում, Էջմիածին քաղաքում:

1960թ. ընդունվել է Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան: 1965թ. արժանացել է սարկավագական ձեռնադրության:

1966թ. ավարտել է ուսումը, 1966-1967թթ. շարունակել է ուսումը Զագորսկում` Մոսկվայի հոգեւոր ակադեմիայում:

1967-1968 թթ. նշանակվել է Հայ Եկեղեցու պաշտոնական «Էջմիածին» ամսագրի խմբագրության քարտուղար:

1969թ. սկզբում նշանակվել է ծառայության Օրջոնիկիձեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Նույն թվականի հոկտեմբերին ձեռնադրվել է աբեղա եւ նշանակվել Դոնի Ռոստով քաղաքի հայկական համայնքի հոգեւոր հովիվ:

1971թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել է Ֆրանսիա` ուսումը շարունակելու Լիոնի Կաթոլիկ համալսարանում, միաժամանակ ծառայելով տեղի հայկական եկեղեցում:

1973-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում` Ուկրաինայում:

1975թ. ստացել է մասնավոր վարդապետության աստիճան:

1975-1979թթ. աստվածաբանական ուսումը շարունակել է Փարիզի Կաթոլիկ համալսարանում՝ հովվական ծառայություն մատուցելով  Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում:

1979-1980թթ. եղել է Էջմիածնի հոգեւոր ճեմարանի տեսուչ:

1981 թ. նշանակվել է Բուենոս Այրեսի առաջնորդանիստ եկեղեցու հոգեւոր հովիվ, իսկ 1982 թ. ընտրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ:

1983 թթ. Վազգեն Ա Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: 1990 թ. նշանակվել է Շիրակի թեմի առաջնորդ:

1992 թ. Գյումրի քաղաքում հիմնադրել է Շիրակի հոգեւոր ընծայարանը:

1992թ. ստացել է արքության պատիվ եւ Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ:

1998-1999թթ. Գրիգորիս սրբազանը ժամանակավորապես կատարել էր Մոլդովայի Հայ Առաքելական Եկեղեցու գործունեության համակարգողի պարտականությունները:

1999-2001 թթ. եղել է Հայ Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդական փոխանորդ:

2001 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ: