ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ոստիկանության 2018 թվականի արդյունքները: Նրա խոսքով՝ 2018-ին հանցագործությունների թիվն ավելացել է 11,2 տոկոսով: Արմեն Ղուկասյանի խոսքով՝ հանրության վստահությունը բարձրացել է ոստիկանության հանդեպ: 2018-ին ոստիկանությունը ստացել է 2017 թ-ի համեմատ 28%-ով ավելի բողոքներ: «Ընդ որում՝ քաղաքացիները 2018 թ-ին դիմել են նախկինում իրենց կողմից չհայտնած դեպքերի մասին»,- ասաց շտաբի պետը:
Բանախոսի տեղեկացմամբ՝ նվազել է նաև անչափահասների կողմից հանցագործությունների թիվը 44 դեպքով՝ 403-ից 359 է դարձել:
Հաշվառումից թաքցնելու դեպքերը, ՀՀ ոստիկանության շտաբի պետի խոսքով, եւս նվազել են: Եթե 2017-ին հարուցվել է 17 քրեական գործ դեպքերը հաշվառումից թաքցնելու համար, 2018-ին արձանագրվել է 3 դեպք:
Անդրադառնալով այն մեղադրանքներին, որ նոր իշխանության հետ են կապում հանցագործությունների թվի ավելացումը, Արմեն Ղուկասյանի խոսքով՝ հանցավորության աճը պետք է ահազանգ լինի հանրությանը, ոստիկանությանը՝ դրան համարժեք արձագանքելու: