ԱԺ նիստում համայնքների խոշորացման ծրագրի քննարկման շրջանակներում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադառնալով խոշորացման վերաբերյալ առաջացած դժգոհություններին, նշեց, որ թեկուզ ինքը ժամանակին աջակցել է համայնքների խոշորացման գաղափարի ներդրմանը, այսօր դրական արդյունքներ չկան:
«Օրինակ` Լոռու մարզի խոշորացման կոնտեքստում որևէ դրական տեղաշարժ չկա, ընդհակառակը, քարոզարշավի ժամանակ այն արդեն խոշորացված համայնքներում, որտեղ մենք եղել ենք, բոլորը դժգոհել են, և հիմա էլ կառավարությունը որևէ ռեալ հաջողության պատմություն չի ներկայացրել մեզ, որով կապացուցեր, որ լավ գաղափարը կարողացել են լավ իրացնել»,- ընդգծեց պատգամավորը:
Նրա խոսքով` Հայաստանում միշտ էլ լավ գաղափարներ են ներդրվել, բայց դրանց իրացման փուլում այնպես է արվել, որ դժգոհություններ են առաջացրել. «Իմ կարծիքով` այդ գաղափարը փչացվել է, և սա է պատճառը, որ մենք լավ գաղափարին որևէ կերպ չենք կարողանում աջակցել: Կարծում եմ, որ կառավարությունը պետք է հստակ կարողանա ապացուցել Ազգային ժողովին, որ խոշորացման ծրագիրը, որը դեռ ընթացքի մեջ է, կա գոնե հաջողության պատմություն»: