տուն Լուրեր Համայնքների տնտեսական զարգացման խնդիրները` Կառավարության ուշադրության կիզակետում

Համայնքների տնտեսական զարգացման խնդիրները` Կառավարության ուշադրության կիզակետում

110
0

111111111

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմակերպած  «Երկխոսություն տեղական տնտեսական զարգացման շուրջ» թեմայով միջոցառմանը այսօր ներկա են գտնվել  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարության հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների, կառավարության և նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքապետեր: Միջոցառմանը տեղի է ունեցել  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից մշակված «Տնտեսության զարգացումը համայնքներում» ձեռնարկի շնորհանդեսը:

Շնորհակալություն հայտնելով վարչապետ Կարեն Կարապետյանին մասնակցության համար, նախարար Դավիթ Լոքյանը նկատել է, որ կառավարության ղեկավարն  իր մասնակցությամբ շատ ավելի արժևորել է  խնդրի կարևորությունը: <<Սիրելի բարեկամներ,  շուրջ վեց ամիս է, ինչ կառավարությունն իր ուշադրության կիզակետում է պահում համայնքների տնտեսական զարգացման խնդիրները: Մենք արդեն կառավարությունում` վարչապետի ղեկավարած հարթակում, ունեցել ենք շուրջ հարյուր և ավելի հանդիպումներ համայնքապետերի հետ  և արդյունքում ձևակերպել ենք խնդիր, որ  առանց համայնքային  տնտեսական զարգացման, առանց համայնքներում տնտեսական գործունեության ակտիվության մենք երկրում համաչափություն չենք ապահովելու: Մենք համոզվեցինք մեկ ընդհանուր սկզբունքում, որ անհրաժեշտություն կա համայնքներում համայնքային տեղական տնտեսական ծրագրեր իրականացնելու ընդհանուր մեթոդիկա և ուսուցման խնդիր լուծել>>,-ասել է Դ. Լոքյանը, հավելելով, որ այսօր արդեն  Գերմանիայի միջազգային զարգացման ընկերության օժանդակությամբ հնարավոր է դարձել սկիզբ դնել այդ գործընթացին: <<Սա մեր կառավարության, վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնական առանցքային հանձնարարականներից է եղել, որ մենք պետք է իրականացնենք: Բոլորիդ հայտնի է նաև ՀՀ Նախագահի երեկ ունեցած ելույթում համայնքների խոշորացման և համայնքերում տնտեսական զարգացման ուղեգծի հստակեցման կարևոր խնդիրը: Այս տեսակետից ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր մասնակից օժանդակող բոլոր միջազգային և տեղական կազմակերպություններին, որոնք այս գործընթացում լուրջ օժանդակություն են ցուցաբերում մեր համայնքներին>>,-ասել է Դավիթ Լոքյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը  կարևորել է նման միջոցառման անցկացումը՝ նշելով, որ այն համահունչ է տարածքային կառավարման ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը:  «Մենք բազմիցս ասել ենք, որ պետք է նոր շունչ, նոր որակ հաղորդենք կառավարություն-մարզպետարան-համայնքներ եռաստիճան կառավարմանը: Կառավարչական մակարդակում այսօրվա հրամայականն այն է, որ ղեկավարները լինեն ժամանակակից, կանոնավոր աշխատեն իրենց վրա: Բազմիցս ասել ենք, որ տարածքային համաչափ զարգացումը մեր հանրապետությունում չափազանց կարևոր խնդիր է: Հայաստանի Հանրապետության քաղաքացին, առաջին հերթին, իր հարցերը փորձում է լուծել համայնքում: Ինչպիսի՞ն են համայնքում տրանսպորտի վիճակը, բիզնես միջավայրը, սանիտարական մաքրումը, արդարության ընկալումը, աշխատատեղերի ստեղծումը. հենց սրանով է քաղաքացին գնահատում իշխանության գործունեությունը և իր լավ ու վատ լինելը», — ասել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ վերջերս Ամերիկյան համալսարանում կազմակերպվել են համապատասխան դասընթացներ ՀՀ մարզպետերի համար, ինչը վկայում է այն մասին, որ համայնքային կառավարիչների հմտությունների զարգացման գործընթացը պետք է լինի շարունակական«Այդ առումով մենք որոշակի քայլեր ենք անում. անցած տարվա վերջ ձևակերպել էինք, թե համայնքները զարգացման ինչպիսի ծրագրեր պետք է ներկայացնեն: Բոլոր համայնքներից ստացել ենք: Բացի դրանից, համայնքները ներկայացրել են բիզնես ծրագրեր, որոնք կարող են բիզնես միջավայրը փոխել և նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: Որոշ ծրագրերի արդեն սկսել ենք օժանդակել: Այդ ծրագրերի որակը, ցավոք, հեռու է ժամանակակից պահանջներից: Բայց մենք երբեք չպետք է հոգնենք ու պետք է վստահորեն գնանք այս ուղղությամբ՝ համոզված լինելով, որ վերջում հասնելու ենք կառավարման այն մակարդակին, որն այսօր ՀՀ քաղաքացին մեզանից ակնկալում է, և որն ուղղակի անհրաժեշտ է», — ասել  է վարչապետը
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին, Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը, Շվեյցարիայի զարգացման գործակալությանը և մյուս գործընկերներին այս գործընթացում աջակցության և համագործակցության համար: Վարչապետն արդյունավետ աշխատանք է մաղթել միջոցառման մասնակիցներին՝ վստահություն հայտնելով, որ այս քննարկումներն ու մտքերի փոխանակությունը նոր շունչ և մոտեցումներ կբերեն կառավարման ոլորտում:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության  գրասենյակի ղեկավար Աննա Քեմփան իր հերթին տեղեկացրել է, որ արդեն մի քանի տարի է՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն (ԳՄՀԸ) իրականացնում է  «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունների կողմից: <<Ծրագրի նպատակն է աջակցել կառավարությանը՝ բարելավելու  տրամադրվող ծառայությունների որակը համայնքային մակարդակում և  զարգացնել ենթակառուցվածքները: Այս համաժողովի նպատակն է ստեղծել միասնական հարթակ՝ քննարկելու նմանատիպ խնդիրները: Համոզված եմ, որ այս համաժողովը ելակետ կհանդիսանա պետության և մասնավոր հատվածի  միջև համագործակցության ստեղծման համար՝ ստեղծելու համայնքների տնտեսական զարգացման արդյունավետ մոդելներ>>,-ասել է ԳՄՀԸ գրասենյակի ղեկավար Աննա Քեմփանը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերն իր խոսքում նշել է. << ՏԻՄ-երը և տնտեսական զարգացումը փոխկապակցված են: Մենք պետք է միավորվենք այս ընդհանուր նպատակի շուրջ և դրանով ամրապնդենք ժողովրդի վստահությունը>>:

Սույն կոնֆերանսի անցկացմանն աջակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)  կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը, որն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։

Գերմանիայի միջազգային համագործակցության կողմից իրականացվող  «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում», ինչպես նաև «ՓՄՁ զարգացում Հայաստանում» ծրագրերը նույնպես իրենց մասնակցությունն են բերել միջոցառման իրականացմանը:

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն