Մամուլն արդեն գրել է Երկրապահ կամավորականների միության կողմից համայնքային բյուջեի հաշվին զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու մասին։ Ամանորին ընդառաջ ԵԿՄ-ն տարբեր համայնքներից 30-40 հազար դրամ է խնդրել և ստացել։ Այլ կերպ ասած, Երկրապահ կամավորականների միությունը՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, պարզվում է, հենց հերթը հասնում է սեփական միջոցներով ամանորյա միջոցառում կազմակերպելուն, ֆինանսական աջակցության համար դիմում է համայնքային բյուջեներին: Վերջիններս էլ առատաձեռն են գտնվում եւ ԵԿՄ-ին փող են տալիս, որպեսզի իրականացնի այդ միջոցառումները: 30 հազարից մինչեւ 100 հազար դրամ` ԵԿՄ-ն հենց այսքան գումարի համար է դիմում համայնքների ղեկավարներին:
Արդյո՞ք ԵԿՄ-ն եւ անձամբ Մանվել Գրիգորյանը փող չունեն, որ ծրագրեր իրականացնելու համար դիմում են համայնքային իշխանություններին: Araratnews.am-ի հետ զրույցում ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը նախ նշեց, թե հարցի ձեւակերպումը կոռեկտ չէ: «Նախ` Երկրապահը չի խնդրում: ԵԿՄ տարածքային բաժանմունքներն իրենց ծրագրերն իրականացնելիս շատ հաճախ դիմում են ՏԻՄ-երին եւ աջակցություն են ստանում, բայց, ասենք, ի՞նչ զարմանալի կամ պախարակելի բան կա, որ քաղաքապետարանն աջակցում է իր համայնքի զոհված, անհայտ կորած, հաշմանդամ դարձած բնակիչների ընտանիքներին: Կարծում եմ` դա նաեւ իրենց պարտականությունն է: Դուք կարո՞ղ եք գտնել մի համայնքի ղեկավար` ներկա կամ նախկին, որն աջակցում է ԵԿՄ-ին իրենց համայնքում ծրագիր իրականացնելու համար, որն ասի, թե իրեն ստիպել են կամ ռեկետ… Մարդիկ շատ հաճախ իրենք են ասում, որ ուզում են աջակցել»,- ասաց Վարդան Վարդանյանը:
Այդ դեպքում, եթե քաղաքապետարանն է աջակցում տվյալ ընտանիքներին, ինչո՞ւ է այն ներկայացվում որպես ԵԿՄ-ի կողմից իրականացվող ծրագիր` հարցրեցինք ԵԿՄ լրատվության պատասխանատուին: Ի պատասխան Վարդան Վարդանյանն ասաց. «Միջոցառում է կազմակերպվում, չէ՞, ԵԿՄ-ական, որը նյութական ծախսեր է պահանջում, եւ այդ ծախսերին աջակցում է քաղաքապետարանը: Շատ են եղել նմանատիպ դեպքեր, միայն ձեր թվարկած համայնքապետարանները չեն, խնդիրը ո՞րն է` ես չեմ հասկանում: Ա՛յ, եթե դուք ասեք, որ այդ գումարները այլ նպատակով են ծախսվել, դա դատապարտելի է, իսկ նման դեպքեր չկան»:
Հարցին, թե հիմա ի՞նչ` ԵԿՄ-ն փող չունի՞, Վարդանյանը նշեց, թե ԵԿՄ-ն բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, եւ, բացի այդ, ծրագրերի մեծ մասը իրականացնում է ԵԿՄ վարչության նախագահը: Ըստ Վարդանյանի` ԵԿՄ-ն բիզնես չունի, եւ, հետեւաբար, ծրագրերն իրականացնելուն օգնում են ոչ միայն ՏԻՄ-երը, այլ նաեւ շատ պետական կառույցներ, անհատներ: Վարդան Վարդանյանը պնդեց, որ Մանվել Գրիգորյանը իր անձնական միջոցներից ամսական մի քանի հազար դոլար է ներդնում ծրագրեր իրականացնելու համար:
Հնարավոր է` համայնքի ղեկավարները վախենում են, դրա համա՞ր են պահանջված գումարը պարտաճանաչ տալիս ԵԿՄ-ին: «Թող մի համայնքապետ ասի, որ վախենում է` կամ գործող համայնքապետ, կամ նախկին, ով կորցնելու բան չունի: ՏԻՄ-երն են հիմնականում դիմել` բա մենք ուզում ենք ձեր ծրագրերին աջակցել: Ես մի ժամանակ աշխատում էի Էջմիածնի քաղաքապետարանում՝ լրատվության բաժնի պետն էի, եւ ծանոթ եմ, որ քաղաքապետն անընդհատ այդ ընտանիքներին օգնում էր, ու կարիք չկար, որ ԵԿՄ-ն դիմեր, ինքն էր անում»,- պատասխանեց Վարդանյանը:
Տեղեկացնենք, որ ԵԿՄ լրատվության պատասխանատուի կողմից բերված Էջմիածնի օրինակը չպետք է դրոշակ դարձնել այն պարզ պատճառով, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է եւ, պապայի «խաթեր», բնականաբար, համայնքի բյուջեից գումարներ է դուրս գրել:
Ինչ վերաբերում է ԵԿՄ-ի` բիզնես չունենալուն, ապա մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի դրամական միջոցների եւ շարժական ու անշարժ գույքի մասին: Մասնավորապես, Հետքը գրել էր, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը միայն Արմավիրի մարզի Արշալույս գյուղում սեփականության կամ օգտագործման իրավունքով 35 անուն անշարժ գույք ունի: Դրանք հողամասեր են, շենք-շինություններ՝ առանձնատներ, գործարաններ, բենզա- եւ գազալցակայաններ, հանգստյան գոտիներ, ռեստորան, շոգեբաղնիք, ձիարշավարան, տասնյակ հեկտարներով խաղողի եւ ծիրանի այգիներ, ջերմոցային տնտեսություններ, շուկա, անասնագոմեր, խոտհարքներ, ցորենի դաշտեր եւ այլն: Սա նրա ունեցվածքի ընդամենը մեկ մասն է:
Փայլակ Ֆահրադյան