Իտալական «La Stampa» թերթը իր «Ղարաբաղում ուղղաթիռ է խոցվել. Նոր պատերա՞զմ է սպասվում» հոդվածում անդրադառնալով ԼՂՀ բանակի խոցված ուղղաթիռի միջադեպին՝ կարծիք է հայտնում, որ այն կարող է հակամարտության բռնկման պատճառ դառնալ՝ հաշվի առնելով նաև վերջին ամիսների սահմանային բախումների սրացումը: Թերթը, հենվելով որոշ մեկնաբանների կարծիքների վրա, նշում է, որ ղարաբաղյան հակամարտության թեժացմանը կարող է նպաստել Ուկրաինայում ընթացող պատերազմը, ուր ներքաշված է նաև Ռուսաստանը, որը տասնամյակներ շարունակ միջնորդ հանդիսանալով Երեւանի եւ Բաքվի միջեւ՝ կարող է աջակցել հայկական կողմին:
The Washington Post թերթը հրապարակել է միջադեպի մասին «Ադրբեջանը ուղղաթիռ է խոցել Լեռնային Ղարաբաղում» հոդվածը: Այն մեջբերում է երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտոնական հաղորդագրությունները միջադեպի հետ կապված և նշում, որ ԵԱՀԿ-ի ներքո ընթացող տարիների բանակցային գործընթացը քիչ տեսանելի առաջընթաց է գրանցել:
Իր հերթին, Bloomberg լրատվական կայքը «Ուղղաթիռի կործանմամբ Ադրբեջանը ռիսկի է գնում նոր հակամարտության Հայաստանի հետ» հոդվածում անդրադառնում է ուղղաթիռի հետ կապված միջադեպին՝ մեջբերելով Կարնեգիի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դե Վալի խոսքերը, ըստ որի՝ «Սա զինադադարի վերջին 20 տարիներից ի վեր ամենալուրջ ռազմական միջադեպն է»: Ըստ լրատվական կայքի հաղորդման՝ Մինսկի խմբի համանախագահները «խորապես անհանգստացած են» միջադեպով: Կայքը նշում է նաև, որ Ադրբեջանը իր նավթային եկամուտները օգտագործում է ռազմական նպատակներով և սպառնում պատերազմով, եթե տապալվեն բանակցությունները:
Իր Bloomberg Businessweek մեկ այլ անդրադարձում՝ «Ադրբեջանցիներն ու հայերը փոխադարձ մեղադրում են միմյանց ուղղաթիռի կործանման միջադեպում» կայքը նշում է, որ ադրբեջանական կողմը մեղադրում է հայկական կողմին իր օդային սահմանների խախտման մեջ, իսկ հայկական կողմը, հերքելով մեղադրանքները, ընդգծում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է իր վերջերս ստանձնած պարտավորությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Կայքում բերվում են նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների կոչը երկու կողմերին հարգել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղությամբ:
Alյazeera-ն հրապարակել է «Հայաստանը զգուշացնում է Ադրբեջանին ուղղաթիռի միջադեպի հետ կապված» անդրադարձը, ուր նշում է, որ հայկական կողմը հայտարարել է, որ այս միջադեպը ծանր հետևանքներ կունենա Ադրբեջանի համար: Լրատվամիջոցը մեջբերում է նաև Ֆրանսիայի նախագահ Օլանդի շրջապատի անանուն աղբյուրի դեռևս հոկտեմբերին՝ հայ-ադրբեջանական փարիզյան գագաթաժողովից հետո, հայտնած կարծիքը, որ ուկրաինական իրադարձությունները ունեն ուղիղ ազդեցություն ղարաբաղյան հակամարտության վրա:
Մանրամասներն՝ այստեղ: