Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ընթացքում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն անդրադառնալով Մարզահամերգային համալիրի վաճառքի վերաբերյալ` կառավարության կայացրած որոշմանը, ասաց, որ այն բավական զարմանալի է, քանի որ հստակ չէ, թե ինչպես է տեղի ունենալու այդ գործարքը:
«Ինչում է կայանում այդ 100 մլն դոլարի ներդրումը: Որպես իրավաբանի` իմ պատկերացմամբ, այդ շինությունը և հարակից տարածքը, որը գնահատվել է 30 մլն ԱՄՆ դոլար, իմ պատկերացմամբ այդքան էլ արժե: Այսինքն` գործարքը պետք է կատարվի 1 ամսվա ընթացքում: Առքուվաճառքի պայմանագիր են կնքում, տնտեսվարող սուբյեկտը 30 մլն ԱՄՆ դոլար է վճարում պետությանը, փոխարենը` նա կարող է այդ տարածքը գրավ դնել բանկում և վերցնել մոտավորապես այդքան գումար և դրանով էլ վճարում կատարի»,- ասաց փաստաբանը:
100 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների վերաբերյալ կետին Բաղդասարյանը ևս վերապահորեն է վերաբերում, քանի որ դրանք, հնարավոր է ձևակերպել որպես ոչ նյութական (խորհրդատվություններ) և ասվի, որ տնտեսվարողը կատարել է իր պարտականությունները:
«Խոսքը նրա մասին է, որ պետք է վերանորոգում կատարվի տվյալ շինությունում, բայց թե ինչ վերանորոգման մասին է խոսքը, չի հստակեցվում: Բացի այդ, պետք է գոնե նախագծերը ներկայացվեին, թե ինչ է ստացվելու վերջնական արդյունքում»,- հավելեց նա: