տուն Լուրեր Հակոբ Հակոբյանի որդին պետական միջոցներով գնված գյուղտեխնիկան պահում է իր ընկերության պահեստում....

Հակոբ Հակոբյանի որդին պետական միջոցներով գնված գյուղտեխնիկան պահում է իր ընկերության պահեստում. Hetq.am

108
0

Hetq.am-ը գրում է.

Վերահսկիչ պալատը հերթական բացահայտումն է արել, որը վերաբերում է գյուղտեխնիկայի կայանի ստեղծման ծրագրին: Պարզվել է, որ պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդու ընկերությունը չհիմնավորված թանկ գներով տրակտորներ է գնել՝ 1 հատը մոտ 91 մլն դրամ: Ձեռք են բերվել նաև տրակտորների հզորության գութաններ, որոնք պահվում են  պատգամավորի որդու ղեկավարած մեկ այլ ընկերության պահեստում:

Գյուղտեխնիկայի կայանի ստեղծման պիլոտային ծրագրի նպատակը ներդրված ֆինանսական միջոցների վերադարձման արդյունքում գյուղտեխնիկայի նոր կայանների ստեղծումն է: Կառավարությունը ծրագրի մեկնարկն ազդարարեց 2017թ. մարտի 30-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման մասին» թիվ 342-Ն որոշումով: Ըստ այդմ, գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվել է պետության կողմից տրամադրել մինչև 700 մլն դրամ: Ծրագրի ֆինանսական աղբյուրը պահուստային ֆոնդն է, իսկ կատարման ժամկետ է սահմանվել 2017-2021թթ.:

Ներկայացվել են գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման 4 առաջարկներ՝ քաղաքացի Ս. Այվազյանի, «Նաիրիի բերրիություն», «Չինվան» և «ԻԴԱՍ» ՍՊԸ-ների կողմից:

Գնահատող հանձնաժողովն ուսումնասիրության արդյունքում 2017թ. մայիսի 5-ին հավանության է արժանացրել «ԻԴԱՍ» ՍՊԸ-ի ծրագիրը, որին տրվել է դրական եզրակացություն: Ծրագիրը հավանության է արժանացել նաև կառավարության մայիսի 18-ի նիստում:

«Հետք»-ն արդեն գրել է, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդուն՝ Պարույր Հակոբյանին է պատկանում «Ինովեյթիվ ընդ դիվելոփդ ագրո սիսթեմս» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 40%-ը: Իսկ 60%-ի սեփականատերը երևանաբնակ Սերգեյ Խաչատրյանն է: Ընկերության կրճատ անվանումը, ըստ կանոնադրության, «ԻԴԱՍ» ՍՊԸ է: Ընկերությունն ունի ընդամենը 50 հազար դրամ կանոնադրական կապիտալ և ստեղծվել է ծրագիր ներկայացնելուց օրեր առաջ՝ 2017թ. ապրիլի 28-ին:

Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է «ԻԴԱՍ» ՍՊԸ-ի գործունեությունը: Պարզել է, որ ընկերությունը չի ունեցել գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման բավարար փորձառություն:

«ԻԴԱՍ» ընկերությունը պարտավորվել է ծրագիրն իրականացնել 6 հաջորդական փուլերով, որի արդյունքում մինչև 450 հազար հա մշակվող տարածքներում մեքենայացված ծառայությունների կիրառման մակարդակը պետք է հասցնել 90%-ի: Ըստ Վերահսկիչ պալատի ուսումնասիրության` ընկերությունը նախատեսել է ունենալ մինչև 1 մլն շահառու՝ ծրագրի սկզբնական փուլերում ծառայություններ մատուցելով Գեղարքունիքի, Արմավիրի և Շիրակի մարզերում, իսկ հետագայում՝ երկրի ամբողջ տարածքում:

Ծրագրի մեկնարկի համար նախատեսվել է ներգրավել մոտ 433 հազար դրամ միջին աշխատավարձով շուրջ 88 աշխատակից, երկրորդ տարում թիվը հասցնել 142-ի, իսկ 5-րդ տարում՝ 726-ի:

Ծրագրով նախատեսվել է ձեռք բերել 7 տրակտոր, 7 գութան, 4 գյուղատնտեսական մեքենա ցանքսի համար:

Վերահսկիչ պալատը պարզել է, որ 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ փաստացի ծախսվել է 659 մլն 400 հազար դրամ, որից 23 մլն 800 հազար դրամը` «Սպեցմաշ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի հիման վրա ձեռք բերված 7 գութանի համար: Իսկ 635 մլն 600 հազար դրամով«Նաս Ջեներալ Թրեյդինգ» ՍՊԸ-ից գնել է 7 տրակտոր: Ցանքսի համար նախատեսված 4 գյուղմեքենաներն այս տարվա հունվարի 12-ի դրությամբ ձեռք բերված չեն եղել:

Ստացվում է, որ ընկերությունը մեկ տրակտորը գնել է 90 մլն 800 հազար դրամով: Ինչպես արձանագրել է Վերահսկիչ պալատը, բացակայում են Գյուղատնտեսության նախարարության համապատասխան ստորաբաժանման իրականացրած մոնիտորինգի արդյունքները՝ կապված նմանատիպ հզոր տրակտորների ձեռքբերման անհրաժեշտության հետ: Բացակայում են նաև նախարարության կողմից տեխնիկայի նպատակային շահագործման վերաբերյալ հսկողական մեխանիզմները:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում